Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 20 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է «Ազատության» «Էխո Կավկազա»-ը։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Ձերբակալվածների թվում ԱՄՆ-ի երկու և Ռուսաստանի մեկ քաղաքացիներ կան։
Ներքին գործերի նախարարությունն այս մասին արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանատներին։ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Վրաստանում ռուսական շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը։
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովն այսօր 67 վայրկյանում երրորդ ընթերցմամբ վերանայել և համաձայնություն է տվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հաստատմանը։
Ընդդիմության ներկայացուցիչները, որոնց որոշ ժամանակ թույլ չէին տալիս մոտենալ խորհրդարանի շենքին, չեն հասցրել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին պարզաբանել է՝ երրորդ ընթերցմամբ միայն խմբագրական փոփոխություններ էին նախատեսված, իշխող կուսակցության պատգամավորները մեկնաբանություններ ու հարց չեն ունեցել։
Վաղն արդեն իշխող «Վրացական երազանք»-ը նախատեսում է քննարկել և երրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը վաղ առավոտից լարված էր․ ուժայինները ցուցարարներին հեռացնում էին խորհրդարանի մուտքերի մոտից։ Հենց այս մուտքերով իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները պետք է գային խորհրդարան մասնակցելու քննարկմանը։
Վրաստանում օրինագծի առաջին և երկրորդ ընթերցումներն ուղեկցվել են բողոքի ցույցերով, ընդհարումներով ու ձերբակալություններով։
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այն կնպաստի դեմոկրատիայի զարգացմանը:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կառույցները վիճահարույց փաստաթուղթն անվանում են ««ռուսական օրենք», քանի որ այն քիչ է տարբերվում Ռուսաստանում գործող նմանօրինակ օրենքից, որը հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի ազատությունը ճնշելու լայն հնարավորություններ է ընձեռել:
Արևմտյան գործընկերները նշում են, որ օրենքի ընդունումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Եվրամիությանը Վրաստանի անդամակցման ճանապարհին։