Իրանում այսօր մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Ըստ Հայաստանում Իրանի դեսպանության, առավոտյան ժամը 8-ից Հայաստանում այդ կապակցությամբ երեք 3 ընտրատեղամաս է բացվել․ մեկը՝ դեսպանությունում, մյուսը Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շարժական է՝ նախատեսված, մասնավորապես, հենաշարժողական խնդիրներ ունեցողների, կալանավայրերում գտնվողների համար։
Դեսպանատանն այս պահին ավելի քամ 100 քաղաքացի է քվեարկել։
Քվեարկությանը մասնակցած դեսպանն ասաց, որ քվեարկում են հանուն հզոր և զարգացած Իրանի:
Նրա խոսքով՝ դեսպանատունը քվեարկության համար այսօր բաց կլինի մինչև երեկոյան ժամը 19-ը, անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կերկարացվի։
Հարցին՝ կախված այն հանգամանքից, թե թեկնածուներից ով կընտրվի, Հայաստանի հետ հարաբերություններն ի՞նչ փոփոխություն կկրեն, դեսպանը պատասխանեց․ - «Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է, և կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում»։
Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Ընտրություններում կորոշվի, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: