Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ», - թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախարարը:
Պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և ՀՀ Սահմանադրությանը։
Միրզոյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի մոտեցումը՝ այն է՝ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների, մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ նախարարը հիշեցրել է, որ եթե «մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է, և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում»։
«Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Սահմանադրության վերաբերյալ Բաքվի պահանջներին, ապա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այն տարածքային պահանջներ չի պարունակում:
«Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Նախ, ինչպես արդեն ասել եմ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ։ Այսպիսով, վավերացման գործընթացի ընթացքում, ստորագրելուց հետո, այս փաստաթուղթը պետք է գնա և ստանա դրական եզրակացություն մեր Սահմանադրական դատարանից», - հավելել է նա՝ նշելով նաև, որ եթե ՍԴ-ն եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը` ներառյալ կողմերի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հենց այդ կոնկրետ ընկալմամբ և սահմաններով, համապատասխանում է Սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է, և այն լիարժեքորեն հասցեագրված է։
Միրզոյանը հիշեցրել է, որ դատարանն արդեն տվել է դրական եզրակացություն՝ արձանագրելով, որ այդ փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը. «Այսինքն, մենք գործ ունենք նույն տրամաբանության, նույն սկզբունքի կիրառման հետ։ Ուստի, քիչ հավանական է, որ միևնույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդամենը մի քանի ամիս անց արտահայտի հակադիր դիրքորոշում»։