Ի՞նչ երաշխիքներ է ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ Սյունիքով Նախիջևանին անխոչընդոտ միանալու համար: Ադրբեջանի արտգործնախարարը շաբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումին՝ Հայաստանի արտգործնախարարի ներկայությամբ, հստակ հայտարարեց՝ իրենք Սյունիքով ուզում են անխոչընդոտ անցում, որը ենթակա չէ փոփոխության՝ անկախ Հայաստանում իշխանության փոփոխությունից:
«Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի, ու մեկ-երկու տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն՝ 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց, ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին: Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», - նշել է նա:
Բաքուն Սյունիքով ճանապարհի շուրջ փորձում է ստանալ առանձին փաստաթուղթ, որը Փաշինյանի իշխանությունից հետո էլ չի չեղարակվի. ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը նպատակ ունի առանձին փաստաթղթով իր համար ամրագրել այնպիսի պայմաններ, որոնք Փաշինյանի իշխանությունից հետո էլ չի չեղարկվի:
«Օրինակ՝ ինչպես սահմանազատման հետ կապված բանակցվեց մեկ առանձին փաստաթուղթ, այսպես նաև այդ միջանցքի հետ կապված կարող են փորձել ստանալ մեկ այլ փաստաթուղթ, ինչպես Բայրամովն է ասում, որը անկախ քաղաքական փոփոխություններից իր ակտուալությունը չի կորցնի հողի վրա, այսինքն՝ այնպիսի պայմաններով փաստաթուղթ են ուզում ստանալ, որոնք Նիկոլ Փաշինյանից հետո էլ հնարավոր չի լինի չեղարկել», - նշեց նա:
«Խելագարություն է պատկերացնել, որ Հայաստանը որևէ փաստաթղթում կամրագրի, որ տվյալ փաստաթուղթը երբևէ ենթակա չի լինի փոփոխության»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ եթե Հայաստանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման ստորագրվելիք փաստաթղթում ամրագրի, որ պայմանները երբևէ ենթակա չեն փոփոխության, ապա դա կլինի Հայաստանի քաղաքական կապիտուլյացիան:
«Խելագարություն է պատկերացնել, որ Հայաստանը որևէ փաստաթղթում կամրագրի, որ տվյալ փաստաթուղթը երբևէ ենթակա չի լինի փոփոխության, այսինքն՝ Հայաստանը եթե գնա այդպիսի ամրագրման, դա կնշանակի, որ դա ոչ թե խաղաղության կամ ճանապարհների վերաբերյալ համաձայնություն է, այլ պարզապես Հայաստանի քաղաքական կապիտուլյացիա», - «Ազատությանն» ասաց նա:
Ճանապարհների ապաշրջափակման թեման Հայաստանն ու Ադրբեջանը դուրս բերեցին խաղաղության պայմանագրից, և եթե այս հարցում կողմերն ի վերջո համաձայնության գան, ապա ըստ վերլուծաբանի՝ ենթադրվում է, որ պետք է ստորագրվի նոր փաստաթուղթ: Թե ինչպիսի կարգավիճակ կունենա այդ փաստաթուղթը՝ դժվար է ասել: Սակայն Հակոբ Բադալյանը չի բացառում, որ Ադրբեջանը պահանջում է, որ այդ փաստաթուղթը միջպետական պայմանագրի տրամաբանություն ունենա, որպեսզի առավելագույն երաշխիքներ ստանա:
«Այսինքն՝ Երևանը ավելի ցածր ստատուսով համաձայնություն է պատկերացնում, ադրբեջանցիները փորձում են դա ևս բարձրացնել միջպետական պայմանագրի ստատուսի», - ասաց մեկնաբանը:
Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկմանը Հայաստանի արտգործնախարարն առաջին անգամ փակագծեր բացեց ճանապարհների ապաշրջափակման մասով Բաքվին արված առաջարկի մասին: Ինչպես Արարատ Միրզոյանն էր նշել, ֆիզիկական շփումը բացառելու համար անգամ առաջարկել են հայտարարագրերով աշխատել:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի հարավում 45 կմ կա, որն Ադրբեջանի երկու մասերը իրար կապելու ամենակարճ ճանապարհն է: Ընդ որում՝ առաջարկել ենք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները, էլեկտրոնային սկաներներ, որոնք թույլ կտան մեզ խուսափել ապրանքների ֆիզիկական ստուգումից, կիրառել էլեկտրոնային հայտարարագրեր, այս տեղեկատվությունը կարող են փոխանակել համապատասխան կառույցները, ինչը թույլ կտա ունենալ այդ տրանզիտը առավելագույն արագությամբ: Բայց դրական պատասխան չկա», - ասել է նախարարը:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ այն, ինչ առաջարկում է Երևանը Բաքվին, իրականում Հայաստանի ինքնիշխանության էական զիջում է: Բայց նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը մերժում է Հայաստանի այդ առաջարկը, ինչն ըստ Աննա Գրիգորյանի՝ ցույց է տալիս, որ Բաքվին ուզածը ընդամենը մի պարզ ճանապարհ չէ:
«Սա աբսուրդ է, որ հայ ժողովուրդը իր հետ տեղի ունեցողի մասին Անթալիայում ֆորումի ժամանակ է տեղեկանում», - ասաց նա՝ հավելելով, - «Դա իրականում սուվերենության, իրավազորության էական զիջում է, բայց նույնիսկ այդ զիջումների պարագայում Ադրբեջանն ասում է՝ դա մեզ բավարար չէ, այսինքն՝ իրենք ռազմավարական այլ պատկերացումներ ունեն: Այսինքն՝ իր խնդիրը միայն այդ կապը ստանալը չէ, միայն բեռները փոխադրելը չէ, ինքը շատ ավելի լուրջ հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ, և միջանցք ասածը եթե մենք ուղղակի պատկերացնում ենք մեկ ճանապարհ, դա, կարծում եմ, ամբողջական պատկերացումները չեն, որովհետև ճանապարհը պետք է լինի իր ինֆրոստրուկտուրաներով և այլն, այսինքն՝ Ադրբեջանը և Թուրքիան շատ ավելի մեծ ծրագիր ենք գծագրում, և իրենց բավարար չէ նույնիսկ այն խայտառակ առաջարկը, որ ներկայացվում է այսօր ՀՀ իշխանությունների կողմից»:
Ի դեպ, խոսելով Ադրբեջանի երկու մասերը՝ Հայաստանի 40 կմ տարածքով բաժանված լինելու մասին՝ Ադրբեջանի արտգործնախարարը հատուկ շեշտել է, թե Սովետական Միության ժամանակ, երբ գործում էր երկաթուղին, այն եղել է Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս. «Քանի որ շատ կարճ հատված էր և կառավարվում էր Ադրբեջանի կողմից», - ընդգծել է Բայրամովը:
«Ազատությունը» հարցմամբ դիմել է վարչապետ Փաշինյանին՝ պարզելու, թե ի՞նչ երաշխիքներ է ուզում Ադրբեջանը Հայաստանից՝ Սյունիքով Նախիջևանին անխոչընդոտ միանալու համար, այդ երաշխիքները ի՞նչ փաստաթղթում պետք է ամրագրվեն, որոնք, ինչպես արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է նշում, հետագայում «ենթակա չեն փոփոխության և կախված չեն լինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», և որքանով է Բաքվի «անխոչընդոտ անցման երաշխիքների» պահանջը ընդունելի Հայաստանի համար, և արդյոք դրա շուրջ կան քննարկումներ: