Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
Արարատ Միրզոյանը X-ում գրել է, որ այդ հանդիպմանն ընդգծել Է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական լրամշակումը և այն ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը:
Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել՝ Հայաստանը պետք է լուծարի ղարաբաղյան հակամարտության լուծման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխի Սահմանադրությունը:
Ադրբեջանական իշխանությունը պնդում է, թե Հայաստանի գործող Սահմանադրությամբ տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ:
Հայաստանի Սահմանդրությունում ոչինչ չկա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, Բայրամովի պահանջին երեկ Անթալիայում հակադարձել է Միրզոյանը: Չնայած Ադրբեջանի նախապայմաններին, որ մինչև ստորագրելը Հայաստանը պետք է փոխի Սահմանդրությունն ու լուծարի Մինսկի խումբը՝ Միրզոյանն ասել է, թե այն ստորագրելու համար բոլոր դրական նախադրյալները կան: Նա կրկնել է Հայաստանի դիրքորոշումը, որ պատրաստ են Մինսկի խումբը լուծարելու գործընթաց սկսել: