Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Այս մասին Ռուբինյանը տեղեկացրել է X-ում:
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ», - գրել է նա:
Այլ մանրամասներ ԱԺ փոխխոսնակը չի հայտնել: Թուրքական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդել:
Թուրքական Անթալիայում այսօր մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու նպատակով այնտեղ են ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօրվա հանդիպումների մասին առայժմ տեղեկություն չի տրամադրել: Պարզ չէ՝ արդյոք նախատեսվում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների հետ:
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ հանդիպել է թուրք պաշտոնակցի հետ: Հանդիպումից հետո նա նշել է, որ կարևոր քննարկում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։
Փակ սահմաններ ունեցող երկու երկրների բանագնացները 2022-ի հուլիսին Վիեննայում չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։
Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։