Դնեպրում անցած գիշեր ռուսական ուժերի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ 15-ամյա դեռահաս, այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով բնակելի թաղամասում խանութ է վնասվել։ Լիսակը հայտնել է, որ երեկ երեկոյան ռուսական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է նաև Նիկոպոլի, Մարգանեցկայա և Միրովսկայա համայնքների վրա:
«Վնասվել է հինգ առանձնատուն, էլեկտրահաղորդման գծեր, գազատարը, այրվում է ցորենի արտը, հրդեհը ոչնչացրել է ավելի քան երկու հեկտար հացահատիկ», - հայտարարել է Դնեպրոպետրովսկի ռազմական վարչակազմի ղեկավարը։
Ռուսական զորքերի հրթիռային հարձակման հետևանքով Կիևի մարզում ևս երեք մարդ է վնասվածքներ ստացել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։
Մոսկվան չի մեկնաբանել այս հարձակումները։