Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին օրակարգ բերեց արագաչափերի հարցը. ինչո՞ւ


Արագաչափ Երևանում, արխիվ
Արագաչափ Երևանում, արխիվ

«Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և էս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում». - ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի տասը տարի առաջվա այս խոստումը պաշտոնավարման վեցերորդ տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից օրակարգ բերեց։

Հարցը Փաշինյանը փակել էր Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, երբ արագաչափերից ազատվելու գաղափարը հանրային լայն աջակցություն չէր ստացել։ Ինչո՞ւ է վարչապետը տարիներ անց վերադառնում նույն օրակարգին. - «Ինձ համար կարևոր է, որ այս խնդիրը հասցեագրվի»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է արագաչափերը հանել-չհանելու հարցով հանրաքվե անցկացնել, որ այդ սարքերին դեմ քաղաքացիական խմբերը 50 հազար ստորագրություն հավաքեն և խորհրդարան օրենքի նախագիծ ներկայացնեն:

«Եթե իրենք 50 հազար ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք կպայմանավորվենք, որ, գիտեմ, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300 հազար ստորագրության: Եվ եթե հաջողվի՝ 300 հազար ստորագրություն հավաքվի, մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի», - Հանրայինին տված հարցազրույցում ասաց վարչապետը:

Փաշինյանի այս նոր գաղափարից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց նրա առաջարկը դեռ անարձագանք է մնում: Ինչո՞ւ է վարչապետը պնդում, թե արագաչափերի հարցը հանրության հուզում է, որտեղի՞ց է նման ազդակներ ստացել: Թիմակիցները շատ տեղեկություններ չունեն։

«Առաջիկայում այդ մասով, ես կարծում եմ, որ կլինեն համապատասխան պարզաբանումներ, համապատասխան գործընթացներ, կգնանք առաջ», - ասաց էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է՝ Փաշինյանն այս հարցն օրակարգ բերեց բյուջեի նախագծի քննարկումներից հետո: Հենց ինքն էր վարչապետին հիշեցրել, թե նա ընդդիմադիր շրջանում ինչ խիստ էր քննադատում նախորդ իշխանությանը ավելացող արագաչափերի և չնվազող մահերի համար:

«16 թվականին Հայաստանի Հանրապետության ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահերը եղել են 267, 23 թվականին զոհերի թիվը եղել է 378, արագաչափերը կան», - խորհրդարանում հայտարարել էր Մանուկյանը:

«Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորը, սակայն, շեշտում է՝ ինքը ոչ թե արագաչափերը հանել-չհանելու հարց է բարձրացրել, այլ պարզապես հիշեցրել է, թե ինչպես է Փաշինյանը 2018-ին ստել մարդկանց արագաչափերը հանելու հարցով: Որպեսզի ընտրություններից մոտ մեկուկես տարի առաջ ընդդիմությունն այլևս թեմային չանդրադառնա, ասում է պատգամավորը, Կառավարության ղեկավարը կեղծ օրակարգով փորձում է փակել թեման:

«Քանի որ հարվածում է նրա հիմնական 18 թվականի հաղթաթղթին՝ արագաչափերի թեմային, փորձում է նորից խուսանավել, փորձում է վաղը էդ ամեն ինչը ժողովրդի վրա բարդել. չեղա՞վ 50 հազարը, կամ չեղա՞վ 300 հազարը, կասի՝ «դե ես ինչ անեմ, ես հո չէի խոստացել», - պնդեց Գեղամ Մանուկյանը:

Ու մինչ վարչապետն արագաչափերը հանելու հարցը հանրաքվեի դնելու առաջարկ է անում, Ներքին գործերի նախարարությունը ծրագրում է թարմացնել արագաչափերի և տեսախցիկների համակարգը։ Գերատեսչությունից մանրամասներ հայտնելու համար առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG