Մատչելիության հղումներ

Այսօրվանից Երևանում 60 կմ/ժամ արագությունից ավելի չի կարելի վարել, սակայն արագ սլանալու սովորույթը դեռ առկա է


Այսօրվանից Երևանի ամբողջ տարածքում 60 կմ/ժամ արագությունից ավելի չի կարելի վարել։ Մոտ տասը օր առաջ այս մասին պաշտոնապես հայտարարեց ոստիկանությունը, և այսօր արդեն առավոտից քաղաքի տարբեր կետերում նկատեցինք՝ հեռացվել են այլ արագություններ ցույց տվող վահանակները, գետնից ջնջվել են այլ նշանները։

Արագության փոփոխությունը հիմնականում վերաբերում է Իսակովի և Մյասնիկյան պողոտաներին, Թբիլիսյան խճուղուն, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի, Սարալանջի փողոցներին և Աշտարակի խճուղուն։ Նախկինում նշված ուղղությունների վրա 70-80 կմ/ժ արագություն էր, սակայն այժմ առավելագույն արագությունը միայն 60 կմ/ժ է։

Չնայած փոփոխություններին, բավական էր մի 10 րոպե կանգնել այդ փողոցներից մեկի վրա՝ համոզվելու` արագ սլանալու սովորույթի ուժը դեռևս անսասան է։ Ոմանք էլ տեղյակ չէին նոր որոշումից. - «Չէ, նոր իմացա: 90-80 (արագությամբ) տռասում, մեծ մարդ եմ, Երևանում 40-50 պատալոկ»:

Մյուս քաղաքացին էլ տեղյակ չէր, ասաց մինչ այժմ տարբեր արագություններով է վարել:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ այս փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է։ 2019 թվականի վիճակագրական տվյալները փաստում են՝ այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, բավական շատ են վթարները, առավել ևս մահվան ելքով պատահարները։ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանը վստահ է՝ փոփոխությունը միայն դրական է ազդելու. կյանքեր են փրկվելու, իսկ ինչ-որ տեղ միշտ շտապող վարորդներին էլ վստահեցնում է՝ օրվա ընթացքում 1 կամ 2 րոպե են միայն շահում արագ վարելով. - «Անհամարժեք համեմատություն է մարդու կյանք, թե մեկ րոպե, սակայն այս փողոցների վրա տեղի է ունենում ՃՏՊ-ների 10.5 տոկոսը, որի արդյունքում մենք ունենում ենք Երևանում զոհերի 20 տոկոսը, 60 արագության դեպքում երբ արգելակում ես, և բախվում է հետիոտնի հետ, օրինակ` 40 մետր հեռավորության վրա, իսկ 75-ի դեպքում երբ շարժվում ես և հետիոտն ես նկատում, այն տարածությունը, որի դեպքում 60 կմ/ժ գնալուց կարգելակեիր, այդ տարածությունը հաղթահարելուց հետո հետիոտնին դու բախվում ես 45 կմ/ժ արագությամբ: Հետևաբար, մի քանի կմ/ժ բարձրացումը բերում է շատ ավելի վնասներ»:

Վարորդների զգալի մասը խոստովանեց՝ իրենք էլ են հաճախ գերազանցում արագությունը, այդուհանդերձ մեծ մասը համամիտ էր՝ դանդաղ վարելը կյանքեր է փրկում. - «Լիքը մեքենաներ, լիքը վարորդներ կան, որ անկապ քշում են, իսկ հիմա 60-ը լավ է»:

«Էսօր մոտոցիկլետը, որ ստեղ ներքևում խփել էր, երևի նա արագությունն էր տենց վերցրել, տվել, ցխել էր», - ասաց մյուսը:

«Ապուշ քշողը մնում է ապուշ քշող»

Հիմնական բողոքն էլ խցանումներն էին, մտահոգ են, որ արագության նվազումը էլ ավելի մեծ գլխացավանք կդառնա այս առումով. - «Գազանանոցի ճանապարհը բարձրացողը միշտ եղել է 70, բարձրանալուց իմաստը ո՞րն է, որ 60 են դնում»:

«Վարորդի ընկեր» կազմակերպության ներկայացուցիչ Ղահրամանյանը հակադարձում է՝ խցանման պատճառ են դառնում փողոցի վրա առաջացած խոչընդոտները, այդ թվում` արագ երթևեկելու հետևանքով առաջացած վթարները և իհարկե, մեքենաների ահռելի մեծ քանակը. - «Պետք է վերհիշել տարբեր դեպքեր. օրինակ` Իսակովի վրա մեքենաները երբ բախվում են, միշտ դիմացի հանդիպակաց կողմն է դուրս թռչում, եթե նա լիներ 40 կմ/ժ, օրինակի համար եմ ասում, երբեք նման բան չէր լինի, լիներ 50 կմ/ժ, նման բան չէր լինի»:

Մեկ այլ խնդիր. վարորդները խորամանկում են, երբ տեսնում են արագաչափ։ Սերգեյ Ղահրամանյանը այս առումով ընդունում է՝ այս հարցը դեռ կարգավորված չէ։ Օրինակ է բերում Գերմանիայի փորձը, որտեղ արագաչափերը շարժական են։ Հիմա անգամ փոփոխությունից հետո ամեն ինչ նորից թողնված է վարորդի գիտակցության վրա։ Նույն վարորդները վստահ չեն, որ այդ գիտակցությունը միշտ է սթափ գործում. - «Մեր ազգի վրա դա բացառվում է, տուգանվեն, էլի արագ կքշեն, իրենց գենի մեջ կա, մեր հայերի մեջ էտ հիվանդություն է»:

Մյուսն էլ նշեց. - «Ապուշ քշողը մնում է ապուշ քշող»:

XS
SM
MD
LG