Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին չորս ամիսներին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավտոպատահարների թիվն աճել է 262-ով


Այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ավտոտրանսպորտային պատահարների թիվն աճել է 262-ով, զոհերի թիվը՝ 40-ով, մարմնական վնասվածք ստացած քաղաքացիների թիվը՝ 378-ով։

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը թվային տվյալների աճը երկու հանգամանքով է պայմանավորում՝ 2020-ին համավարակով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները և սեպտեմբերի վերջին սանձազերծված պատերազմը։

«Մինչև անցած տարվա 9 ամսվա ավարտը, այսինքն սեպտեմբերի ավարտը մենք ունեինք անընդհատ նվազում պատահարների զոհերի ու վիրավորների թվի, ապա սկսած այս ժամանակահատվածից, մասնավորապես, պատերազմական գործողությունների թվի սկզբից գնալով աճել են և՛ պատահարների թվերը, և՛ զոհերի թվերը, ընդ որում՝ եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ դրանք հատկապես տեղի են ունեցել Հայաստանից դեպի Արցախ ուղղություններն ապահովող ճանապարհների վրա: Ցավոք, այդ նույն տենդենցը շարունակվում է նաև 2021 թվականին», - նշեց Չիլինգարյանը:

Ցավալի վիճակագրությունը նվազեցնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, ասում է Արման Չիլինգարյանը, և միայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 հազարով ավելի իրավախախտում են արձանագրել:

«Վերահսկողական մեխանիզմները չեն պակասել, եթե խոսենք տեխնիկական միջոցների մասին, ապա որևէ փոփոխություն քանակական առումով էական չի կրել: Ճանապարհային ոստիկանների մասով էլ էական շատ մեծ փոփոխություն չկա», - ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:

Անգամ վիճակագրական տվյալները չուսումնասիրելու դեպքում՝ անզեն աչքով էլ երթևեկության վատ վիճակը մայրաքաղաքում մեկ ժամ շրջելու դեպքում ակնհայտ է դառնում։ Օրինակ՝ Մոնթե Մելքոնյան փողոցում առավելագույն արագություն է սահմանված 60 կմ/ժ-ը։ Երթևեկության արագությունը հսկում է փողոցի մեջտեղում տեղադրված արագաչափ սարքը։ Հսկում է, բայց մասամբ։ Թույլատրվածից ավելի արագ երթևեկող վարորդները միայն արագաչափին նախորդող մի քանի մետրի վրա են պահպանում այդ արագությունը՝ չնկարվելու համար։ Հասնում են արագաչափին, արգելակում են՝ անցնելուց հետո մեծ արագություն են զարգացնում։ Հաջորդ հատվածը Լենինգրադյան փողոցում գտնվող փոքրիկ խաչմերուկն է, որտեղ տեղադրված հսկիչ սարքավորումներ չկան ու ինչ արձանագրեցինք՝ 15 րոպեում 5 խախտում՝ 3 շրջադարձ չթույլատրվող հատվածից, հոծ գծի հատում ու անգամ կարմիր լույսի անտեսում։

«Ինչ-որ բացասական տենդենց է նկատվում, որ այն վայրերում, որտեղ չկան վերահսկողական մեխանիզմներ, այսինքն արագաչափեր, տեսախցիկներ կամ չկա պարեկային տրանսպորտային միջոց, հեռվում չի երևում, չեն նկատում: Մեր վարորդների մաս կա, որոնք ուղղակի չգիտես ինչու ցանկանում են ինչ-որ գործողություն կատարել օրենքը խախտելու համար կամ օրենքի պահանջներին հակասող: Այսինքն պետությունը առաջին գործողությունը իրենից հասանելիք՝ սահմանել անվտանգության կանոններ, սահմանել է, եթե դուք որոշել եք, որ այդ կանոնները ձեր համար չեն և դուք անընդհատ պետք է խախտեք, որևէ կերպ պետությունը չի կարող բոլորին վերահսկել և այդ ամեն ինչը անել», - ընդգծեց Չիլինգարյանը:

Չվերահսկվող ճանապարհներին խախտում անելու տենդենցը նաև իրենք՝ վարորդներն են նկատում։

Վերահսկողական մեխանիզմներից մեկն էլ նախորդ տարվա հունվարից բալային համակարգի ներդրումն է։ 7022 անձի վարորդական իրավունք արդեն իսկ կասեցվել է, միայն այս տարվա առաջին եռամսյակում 625 նյութ է ուղարկվել դատախազություն՝ ընթացքը լուծելու համար։ Բալային համակարգի ներդրումը իրեն արդարացրել է, դրա մասին են վկայում թվային տվյալները։ Գրանցված 40 մահվան դեպքերից միայն 9-ն է գրանցվել Երևանում, իսկ բալային համակարգի կիրառումը հիմնականում Երևանում է, քանի որ դրանք արձանագրվում են միայն տեսախցիկ սարքերի և արագաչափերի կողմից, որոնց գերակշիռ մասը հենց Երևանում է տեղադրված։

Հաջորդ տարվանից ուժի մեջ կմտնի նաև ճանապարհային ոստիկանների կողմից գրանցված խախտումների հիման վրա բալային համակարգի կիրառումը, ինչը ավելի վերահսկելի կդարձնի իրավիճակը նաև մարզերում։ Ցավոք, վերջին շրջանում, երթևեկության կանոնների խախտումը միայն վարորդների կողմից չէ, որ նկատվում է։ Երթևեկության մյուս մասնակիցները՝ հետիոտները ևս չեն պահպանում այդ կանոնները, ինչի հետևանքով պարբերաբար արձանագրվում են վրաերթի դեպքեր՝ մահվան ելքով։

«Եթե վարորդին պետք է մեղադրեն վրաերթի մեջ, ապա պետք է մեղադրեն ստույգ որևէ կանոնն խախտելու մեջ, որի հետևանքով, օրինակ, տեղի է ունեցել վրաերթը: Ես հատուկ նշեցի, որ անկախ նրանից՝ վարորդները մեղավոր կլինին, թե ոչ, այնուամենայնիվ, այդ հոգեբանական ճնշումը կա վարորդների վրա», - ասաց ՃՈ պետի տեղակալը:

Փողոցի ոչ թույլատրելի հատվածից փողոցն անցնող հետիոտների նկատմամբ ևս պարբերաբար կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ նախազգուշացումից մինչև տուգանքի կիրառում։ Չիլինգարյանը նաև զգուշացրեց՝ առջևում վերջին զանգի միջոցառումներն են և այդ շրջանում վերահսկողությունը ավելի կխստացվի։

XS
SM
MD
LG