Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից: Այդ մասին երեկ Հանքավանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա է իր ընկալումը և գնահատումը:
«Բայց մյուս կողմից սա շատ զարմանալի փաստ է: Եթե մենք արձանագրում ենք, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընկալվում է ժողովրդի կողմից, - իսկ ես դրանում համոզված են և կարող եմ նաև իմ համոզմունքի աղբյուրը նշել, որպեսզի նաև տարընթերցումների տեղիք չտա՝ էս համոզմունքին ես գալիս եմ մարդկանց հետ անմիջական շփումներից, գալիս եմ ինձ ուղղված նամակագրություն կարդալուց, գալիս եմ նաև սոցիալական ցանցերի որոշակի հետազոտությունից, - բայց այն, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը մենք էսօր կարող ենք ասել, որ ընկալվում է ժողովրդի կողմից, իրականում շատ զարմանալի փաստ է և հետազոտման անհրաժեշտություն ունի, որովհետև ինչպե՞ս կարող էր ժողովուրդը այսքան արագ ընկալել այդ գաղափարախոսությունը, որը կառավարող մեծամասնության, այսինքն՝ մեր կողմից լիարժեք և ամբողջականորեն որդեգրվել է ընդամենը, կարող ենք ասել, ամիսներ առաջ», - նշեց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն պարագայում, որ «այդ գաղափարախոսությունը ոչ այնքան «Քաղաքացիական պայմանագրի» կամ կառավարող մեծամասնության, այլ հենց ժողովրդի գաղափարախոսությունն է»: «Այսինքն, իրականում ոչ թե քաղաքական կառավարող մեծամասնությունը էդ գաղափարախոսությունը մտածել է, ձևակերպել է, հաղորդակցել է ժողովրդին, և ժողովուրդը դա ընկալել է, այլ իրականում դա ժողովրդի գաղափարախոսությունն է, որը, ի վերջո Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածը և այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն», - պնդեց պետության ղեկավարը՝ շարունակելով. - «Եվ ըստ այդմ, ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսության օբյեկտն է, այլ էդ գաղափարախոսության սուբյեկտն է, ժողովուրդը այդ գաղափարախոսության ակունքն է և աղբյուրը: Պարզապես կառավարող մեծամասնությունը վերջապես հասկացել է այն, ինչ ժողովուրդը երկար ժամանակ փորձում է բացատրել»:
Դա, ըստ Փաշինյանի, շատ կարևոր է, «որովհետև ժողովուրդը ինքը առանցքային քաղաքական գործոն է ժողովրդավարական հասարակության մեջ և մեր հասարակության մեջ, բայց ինքը ժողովուրդը կոմունիկացիոն ինստիտուտ չունի»:
«Տրամաբանորեն ժողովրդի խոսնակը Կառավարությունն է, և ժողովրդի խոսնակը կառավարող մեծամասնությունն է, բայց Հայաստանի, մեր իրականության մեջ, Հայաստանում կառավարող մեծամասնությունը և Կառավարությունը երբեք չի եղել ժողովրդի խոսնակ: Կառավարությունը եղել է ասողը ժողովրդին, և մենք էս առումով ենք ունիկալ քաղաքական թիմ, որը ի վերջո հայտնվել է մի իրավիճակում, երբ որ հասկացել է, որ ինքը ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ ինքը պետք է ընկալի ժողովրդի գաղափարախոսությունը, դա ձևակերպի որպես քաղաքական ասելիք և իրականացնի որպես քաղաքականություն», - ասաց վարչապետը՝ հավելելով. - «Բայց ես ուզում եմ մենք ընկալենք, թե սրանով մեր ժամանակի պատմականությունը ավելի պատմական է դառնում: Մեր ժամանակի պատմականությունը ավելի պատմական է դառնում, որովհետև հայոց պետականության պատմության մեջ առաջին անգամ է, որ ժողովրդի գաղափարախոսությունը կարա դառնա պետական գաղափարախոսություն»:
«Մենք էսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել: Սովորաբար մեկուսացած էլիտաները իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծված՝ իրենց որդեգրած գաղափարախոսությունները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, հաճախ պարտադրել են պետական վարչական լծակներով, նույնիսկ բռնի ուժով», - ասաց Փաշինյանը:
Ո՞րն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը
«Եվ ի վերջո, ո՞րն է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, էս էլ է շատ կարևոր, որովհետև, ճիշտ է, մենք էդ քարտեզն ենք անընդհատ ցույց տալիս, բայց քարտեզը պատկեր է, դրա տակ բովանդակություն կա, ինչի՞ մասին է իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդը ասում է՝ մեզ և բոլորին, ասում է՝ «լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»: Եվ ժողովրդի ուղերձը իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ «կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք», - հայտարարեց վարչապետը, - «Այսինքն, ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դեպի վերև կամ դեպի ներքև, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես ապրենք, ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն, ու մանավանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքը ունենք, և էդ գործիքը պետությունն է»:
«Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի գործիք է՞, թե՞ Հայաստանի Հանրապետությունը ապրելու գործիք է»
«Բայց կարո՞ղ ենք պետությունը ընկալել որպես այստեղ ապրող մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը հնարավոր դարձնելու միջոց և ոչ թե պլացդարմ, ֆորպոստ հավերժական ինչ-որ պայքարի համար. սա է ամենակարևոր հարցադրումը մեր իրականության մեջ, և էս բանավեճն է էսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի գործիք է՞, թե՞ Հայաստանի Հանրապետությունը ապրելու գործիք է, մարդկանց կյանքը, երջանկությունը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու գործիք», - ընդգծեց պետության ղեկավարը՝ հավելելով. - «Սա շատ կարևոր հայեցակարգային և գաղափարախոսական հարց է»:
«Իմ կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը հենց սա է՝ կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել դա», - պնդեց Նիկոլ Փաշինյանը:
Լրջագույն մարտահրավերները
Միաժամանակ, ըստ նրա, այդ գաղափարախոսության իրագործումն ունի լրջագույն մարտահրավերներ:
«Որո՞նք են էդ գաղափարախոսության, կամ ովքե՞ր են էդ գաղափարախոսության իրականացման սպառնալիքները կամ մարտահրավերները, որտեղի՞ց են բխում: Կան մեծ երկրներ, միջազգային խոշոր խաղացողներ, որոնք ասում են. - «Մի րոպե, ո՞նց թե դու ուզում ես ապրես, բա դու մոռացել ե՞ս դու ով ես, դու քո ինքնությանը դավաճանո՞ւմ ես: Դու ախր ապրող ժողովուրդ չես՝ դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, դու պետք է գաղթես, կոտորվես, մաքառես և էդ ամեն ինչի միջոցով գաս ինձնից փրկություն աղերսես, ու ես պետք է գամ քեզ փրկեմ», - ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ «սա լրջագույն մարտահրավեր է»:
Հաջորդ արտաքին մարտահրավերը, ըստ Փաշինյանի, «Ադրբեջանն է՝ հենց հատկապես Ադրբեջանը, որի ասածը եթե շատ կարճ ձևակերպենք, հետևյալն է. ասում է՝ «դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»:
«Մնացած միջազգային ամբողջ կոնյունկտուրան Հայաստանի Հանրապետության շուրջ էս երկուսի հիբրիդն են՝ տոկոսային տարբեր հարաբերությամբ՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, կամ վերաբերմունք են էս երկու հայեցակարգերին, և մենք էս մարտահրավերը պետք է կառավարենք», - ամփոփեց Հայաստանի վարչապետը: