Գյումրիում իշխող ուժի անցկացրած եռօրյա փրայմըրիզի հաղթողը անկուսակցական Սարիկ Մինասյանն է։ Նա «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր է եղել, այժմ ղեկավարում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը փաստացի իր 5 կուսակցական թեկնածուներով պարտվեց անկուսակցականին։ Կուսակցության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը, սակայն, այդպես չի կարծում։
«Ով էլ հաղթեր՝ լինելու էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը, որովհետև մեր նպատակն այն չէր, որ հաղթի այս կամ այն թեկնածուն։ <> Մենք կառաջնորդվենք գյումրեցիների ասածով, և վարչապետը, ըստ էության, ինչպես և խոստացել է, կնշանակի հաղթող թեկնածուին Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, և հետո արդեն կշարժվենք առաջ նոր քաղաքական գործընթացներով և արդեն արտահերթ ընտրությունների ճանապարհով Գյումրիի կառավարումը կվերադարձնենք բնականոն հուն», - ասաց նա։
44-ամյա Մինասյանը երկար ժամանակ անկուսակցական չի մնա։ Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ նա է գլխավորելու արտահերթ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը։
«Պարոն Մինասյանն ամենայն հավանականությամբ կանդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հաշվի առնելով այս փրայմըրիզի արդյունքները՝ պարոն Մինասյանը պետք է գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն առաջիկա արտահերթ ընտրություններին», - նշեց Հովհաննիսյանը։
Գյումրին առանց իշխանության է մնացել հոկտեմբերի վերջին։ Իշխող «Բալասանյան» դաշինքն այստեղ ողջ կազմով հրաժարական տվեց նախկին ազդեցիկ քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ հարուցված քրեական հետապնդումից հետո։
Սարիկ Մինասյանի հետ այսօր զրուցել չհաջողվեց, շտապում էր Երևան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Այսօր կամ վաղը վարչապետը նրան կնշանակի Գյումրիի ժամանակավոր քաղաքապետ կնշանակի։ Համապատասխան փոփոխությունը ՏԻՄ օրենքում հրատապ ռեժիմով քննարկվեց ու ընդունվեց, և վարչապետն արդեն կարող է անել այդ նշանակումը։
Փրայմըրիզից ժամեր անց հայտնի դարձավ, որ դրա մասնակիցներից մեկը՝ երկրորդ տեղը զբաղեցրած ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, հրաժարվում է մանդատից։ Դավիթ Առուշանյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել լուրերը, թե վարչապետը նրան Շիրակի մարզպետ է նշանակելու։ Բայց նրա թիմակից Արթուր Հովհաննիսյանն այսօր չէր բացառել, որ Առուշանյանը կարող է վերադառնալ Գյումրի։
Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանը նարկոսկանդալում հայտնված, ՔՊ-ի տեղի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանի մտերիմներից է։ Վերջերս կառավարության նիստում վարչապետը հրապարակավ խիստ նկատողություն էր տվել նրան։ Մուշեղ Մուրադյանը հեռախոսազանգերին չի պատասխանում։