Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի դեմ պատերազմում քիմիական զենք կիրառելու համար


Ուկրաինա, 2022թ․
Ուկրաինա, 2022թ․

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի դեմ պատերազմում քիմիական զենք կիրառելու համար։ Այս մասին նշվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրման վերաբերյալ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարությունում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է ավելի քան 200 ֆիզիկական անձ։ Պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 80 ընկերությունների և անհատների նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար։

Հաղորդագրության համաձայն՝ Պետդեպարտամենտը եզրակացրել է, որ Ռուսաստանը ուկրաինացի զինվորականների դեմ օգտագործել է քլորոպիկրին նյութը։

Քիմիական այս նյութը ներառված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության սև ցուցակում։ Քլորոպիկրինը չի պատկանում նյարդապարալիտիկ թունավոր նյութերի թվին, բայց ունի գրգռիչ և բարձր կոնցենտրացիաների դեպքում խեղդող ազդեցություն: Այն, մասնավորապես, օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմում։

Մոսկվան դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

Ուկրաինացի զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին ռուսական զորքերի կողմից մարտի դաշտում քիմիական նյութերի կիրառման մասին։ Դրանց կիրառման հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG