Երևանը պատրաստակամ է ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները, նախօրեին Մալթայում, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը Մալթայում է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Միրզոյանն ու Բոչորիշվիլին վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի վերջին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում էր։ Թե ինչ է ենթադրում այս համագործակցությունը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Իրակլի Ղարիբաշվիլին այն ժամանակ չմանրամասնեցին, սակայն պնդեցին, թե օրը պատմական է:
Միրզոյանը նաև հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում Երևանի դիրքորոշումը:
Ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։
Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։
Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծով Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները բացվում են, արևելքից արևմուտք ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա, պաշտոնական Երևանի հաշվարկով՝ կստեղծվեն ենթակառուցվածքներ, փոխադարձ տնտեսական կախվածություն, ինչն էլ խաղաղություն երաշխիք կլինի։