Վրաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն, վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով՝ Վրաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։
Վրաստանի գործադիրի ղեկավարը շեշտել է՝ չնայած հարևանների միջև հակամարտությանը՝ «Վրաստանը միշտ ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն է վարել»։
«Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին միջնորդի կամ այլ կարգավիճակով, մենք միշտ պատրաստ ենք և դա ուժի մեջ է։ Եթե լինի շահագրգռվածություն, մենք պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկել թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկրներին», - ասել է Կոբախիձեն։
Նմանատիպ հայտարարություն Կոբախիձեն օրերս արել էր նաև Բաքվում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Թբիլիսին պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն առաջ մղելու համար։
Դեռ սեպտեմբերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը հնարավորություն կտա վերականգնելու վստահությունը երկու երկրների միջև։
Թբիլիսին անցած տարիներին փորձել է հյուրընկալել հակամարտող հարևաններին։ 2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում այն ժամանակվա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել։