ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթն է ընդգծել և Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ վարչակազմի աջակցությունն է կարևորել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը Հյաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ, և նշել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ծրագրերի ընդլայնումն ու ֆինանսավորման ծավալների ավելացումն ուղղված է այդ նպատակին:
Զրուցակիցներն անդրադարձել են ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին ու դրանց իրականացման ընթացքին:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալին այսօր ընդունել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել, մասնավորապես, տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, փոխանցում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Նախօրեին էլ Ջոշուա Հաքի հետ հանդիպել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը: