Արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին:
ԱԳՆ-ից փոխանցում են, որ նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային բնույթի հրատապ խնդիրների վրա, նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Թե արդյոք նախատեսված են հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, չի նշվում։ Բաքուն այսօր հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ - ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։
Այսօր Միացյալ Նահանգներ է մեկնել նաև Հայաստանի վարչապետը։