Մատչելիության հղումներ

Միկոյան 64-ի նորակառույցների բնակիչները ժամկետից երկու տարի անց սեփականության վկայական չունեն


Երևանի Միկոյան 64-ի նորակառույցները, սեպտեմբեր, 2024թ.
Երևանի Միկոյան 64-ի նորակառույցները, սեպտեմբեր, 2024թ.

Պայմանագրով սահմանված ժամկետից երկու տարի է անցել, բայց Երևանի Միկոյան 64-ի նորակառույցների բնակիչները սեփականության վկայական դեռ չունեն: Հայկ Սմբատյանն ասում է՝ ինքն ու իր պես շատերն ի վիճակի չեն և՛ վարձով բնակվել, և՛ հիփոթեք վճարել, և՛ նոր բնակարանները վերանորոգել ու կահավորել:

«Վարձով ենք ապրել, հիփոթեքային վարկ ենք վճարել, այդքան ծախսերի հետ մեկտեղ՝ կառուցապատողը ոչ մի պատասխան մեզ չի տալիս, ամեն անգամ ստելով՝ «մի ամսից, երկու ամսից կավարտենք, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատյանը:

Այդ պատճառով շատերն արդեն բնակվում են շենքում, ջրի ու լույսի վարձն էլ կառուցապատողին են վճարում, որովհետև դեռ բաժանորդ չեն: Շենքի բազմաթիվ խնդիրներից հրապարակավ բողոքող բնակիչներին օրերս Դավթաշենի ոստիկանությունից են զանգահարել ու բաժանմունք կանչել՝ առանց ծանուցագրերի: Հայկ Սմբատյանն ասել է՝ մինչև ծանուցագիր չուղարկեն, չի գնա. - «Նախանցած շաբաթվանից արդեն իրազեկել ենք մեր ֆեյսբուքյան խմբերում բնակիչներին, որ նմանատիպ բողոքի ակցիա ենք իրականացնելու, դրանից հետո է սկսվել ոստիկանական զանգերը: Ես չգիտեմ, ասենք, դա միգուցե զուգադիպություն է, բայց մի քիչ չենք հավատում զուգադիպություններին, էլի», - նշեց նա:

Ոստիկանությունից փոխանցեցին՝ կառուցապատողն է բողոքել՝ շենքը դեռ պատրաստ չէ, բայց մի քանի բնակիչներ ներխուժել ու ապրում են այնտեղ: Կառուցապատողը ոստիկանությունից պահանջել է հեռացնել նրանց: Ոստիկանությունն ուսումնասիրել է այդ բնակիչների գույքի օրինականության հարցն ու եզրակացրել՝ ներխուժում ու մարդկանց բնակարաններից վտարելու հիմք չկա։

Ոստիկանության ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: «Ն և Ս» ՔՈՆՍԹՐԱՔՇՆ-ի տնօրեն Սամվել Մանիջոյանը գրավոր պատասխանեց՝ շենքը դեռ շահագործման հանձնված չէ, բանալիները բնակիչներին են տվել միայն վերանորոգման, ոչ թե ապրելու համար: Իսկ քաղաքապետարանն իրենց է տուգանել, որ անավարտ շենքում թույլ են տվել մարդիկ ապրեն, իրենք էլ ոստիկանություն են դիմել, որ բնակիչներին դուրս հրավիրեն։

Բնակիչները, մինչդեռ, պնդում են՝ եթե բնակվելու պայմանավորվածություն չունեն, ապա ինչպե՞ս ու ինչո՞ւ են ջրի և լույսի գումարը կառուցապատողին վճարում: Ընդգծեցին՝ ի վիճակի չեն տարիներով սպասել բնակարանների հանձնմանը, իրենց տներից դուրս չեն գալու, կառուցապատողը շուրջ տասն անգամ երկարացրել է շենքն ավարտին հասցնելու պայմանագրային ժամկետը, վերահսկողներն էլ դա թույլ են տվել։ Այս պատմության տուժողներն իրենք են, իրենց խաբել են:

«Ես բնակվում եմ այնտեղ արդեն՝ իրենց թույլտվությամբ, էլի, իհարկե: Մեր քաշած լարերով, բայց կառուցապատողի հոսանքով օգտվում ենք, էլի, ընդհանուր հոսանքը, այսինքն, վճարում ենք կառուցապատողին՝ ամսական: Ջուրը նույնպես», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը:

«Բնակարանների բանալիները կառուցապատողն է հանձնել մեզ՝ համապատասխան հանձնման-ընդունման ակտերով, թույլատրել է, որ մենք գանք վերանորոգում իրականացնենք, ու թույլատրել է, որ մենք գանք ապրենք», - ասաց մյուսը:

Մինչդեռ «Ն և Ս» ՔՈՆՍԹՐԱՔՇՆ-ի տնօրեն Սամվել Մանիջոյանը պնդում է՝ շենքը վաղուց պատրաստ է, այն բնակիչներին չեն հանձնում, որովհետև քաղաքապետարանը չի տրամադրել շահագործման ակտն ու հասցեները։

Քաղաքապետարանից հակադարձում են՝ կառուցապատողները հաճախ նախագծերից շեղումներ են ունենում, ուշացնում են ավարտական աշխատանքները, ընթացքում թերություններ են ունենում, այդ իսկ պատճառով ավարտական ակտերը միանգամից չեն տրամադրվում, որ հետո բնակիչներին կիսատ-պռատ շենքեր չհանձնվեն: Այս շենքի ավարտական ակտն օրերս տրամադրվել է, մնում է շահագործման ակտը։

«Եթե այդ շահագործման թույլտվությունը չհասցնի ժամանակի մեջ ձևակերպի, շատ մեծ տուգանքները և ժամկետի երկարաձգման հետ կապված ծախսերը շատ ավելի մեծ կլինեն, քան այն աշխատանքները, որը նախատեսված է այս պահին անել», - «Ազատությանը» փոխանցեցին քաղաքապետարանից:

Բնակիչները ցույց են տալիս չարված աշխատանքներն ու հարցնում՝ ինչպե՞ս է քաղաքապետ Ավինյանը ստորագրել ավարտական ակտի տակ, եթե շենքը դեռ պատրաստ չէ.

«Բոլոր վեց շենքերի մոտից ճանապարհներ պետք է դուրս գան դեպի Անաստաս Միկոյան հիմնական փողոց, բայց ինչպես տեսնում եք ճանապարհները չկան: Ավտոկայանատեղերի մուտքերը վերջնական ավարտված չի, ընդհուպ նույնիսկ այս թեքությունը, որ հիմա իրենք այսպես թողել են կառուցել են, ոչ մի մեքենա այս թեքությամբ չի կարող մտնել ավտոկայանատեղի»:

«Բոլոր մուտքերի դիմաց այսպիսի անմխիթար վիճակ է՝ քանդված, ոչ մի աշխատանք չի արվում արդեն չորս ամսից ավել է, մուտքերը ընդհանրապես վերանորոգված չեն»:

«Հրդեհաշիջման համար նախատեսված խողովակները ջրի, որ այստեղ պետք է համապատասխան տուփերը և համապատասխան փականները տեղադրված լինեին, դրանք էլ արված չի, և չկան ծխի այդ դատչիկները»:

Ավարտական ակտի համար անհրաժեշտ աշխատանքներն արված են, հակադարձեցին քաղաքապետարանից: Իսկ շահագործման ակտ կստանա կառուցապատողը, եթե բոլո՛ր աշխատանքներն ավարտին հասցնի:

Ի թիվս այս խնդիրների, բնակիչները տեղեկություն ունեն, որ արդեն հաստատված նախագծի կանաչ տարածքից կառուցապատողը շուրջ 4000 քմ տարածք առանձնացրել է, որ վաճառի ու տեղում բարձրահարկ կառուցի:

Կառուցապատողն իր գրավոր պատասխանում մի կողմից պնդում է, որ անհրաժեշտ կանաչ տարածքը պահպանվում է, մյուս կողմից հավելում՝ բնակիչները գնման իրավունքի պայմանագրերը կնքելիս ի սկզբանե տվել են իրենց համաձայնությունը համապատասխան հողակտորներ առանձնացնելու և վաճառելու համար, ավելին՝ հայտարարել են, որ տեղյակ են և համաձայն, որ հարակից տարածքներում կառուցվեն այլ բազմաբնակարան բնակելիներ։

Բնակիչները պնդում են՝ տեղյակ չեն եղել ու թույլ չեն տալու, որ այդ տարածքում նոր շենք կառուցվի. - «Գնել ենք ընդհանուր համալիր որպես՝ իր այգիներով, շատրվաններով, մանկապարտեզով և այլն: Հարցն այն է, որ ճշտենք՝ արդյո՞ք լինելու է այդ կանաչապատ տարածքը, թե՞՝ չէ, որի համար մենք վճարել ենք»:

Միկոյան 64-ի բնակիչները Կառավարության շենքի դիմաց
Միկոյան 64-ի բնակիչները Կառավարության շենքի դիմաց

Օրերս իրենց բողոքը Կառավարություն հասցրած բնակիչները պահանջում են, որ գոնե մեկ կառույց իրենց պաշտպանի, չեն ցանկանում հերթական խաբված գնորդը լինել, որ պարտաճանաչ վճարում է կառուցապատողին, բայց անվերջանալի խնդիրների առաջ կանգնում։

Անաստատ Միկոյան 64-ի բնակիչները նամակ-բողոք են հանձնել վարչապետին, գլխավոր դատախազին ու Քննչական կոմիտեի ղեկավարին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG