Մատչելիության հղումներ

Մալխասյանց 4 նորակառույցի բնակիչները պնդում են՝ կառուցապատողն ապօրինի պահանջներով ճնշում է իրենց


Երևանի Մալխասյանց 4 նորակառույցի բնակիչները պնդում են՝ կառուցապատողին պատկանող ՍՊԸ-ն բջջային հավելվածներով պարբերաբար իրենց տեղեկացնում է, որ սպասարկման պարտքեր են կուտակել, բայց իրենք պայմանագիր չունեն, որ իմանան՝ ինչ ծառայությունների համար պետք է վճարեն: Իսկ չվճարողներին, ըստ բնակիչների, կառուցապատողը «պատժում» է։

«Մեր հարկում աշխատանքներ էին տանում, ես մոտեցա սպասարկող անձանց՝ խնդրելու, հասկանալու՝ ինչ է կատարվում, ասացին, որ ճնշումները թուլացնում են այն բնակիչներին, ովքեր վճարը չեն մուծում», - ասաց բնակիչներից մեկը։

«Ջրի նապոռն էնքան թույլ է, որ երեխային լողացնելն անհնար է, որովհետև ջուրը տաքանում է սառչում է», - հավելեց մյուսը։

Բողոքող բնակիչների պնդմամբ՝ կառուցապատողի ու նրա հիմնած «ՀԵՆՔ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները բանավոր ասել են, որ սպասարկման համար յուրաքանչյուր բնակարան պետք է վճարի 170 դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։ Սեփականության վկայականները ստանալու օրն էլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանագիրը պետք է կնքեին: Բայց այդ պայմանագիրն, ասում են, այդպես էլ չստացան։ Պատճառաբանել են, թե դեռ մշակման փուլում է: Թեև շենքի հանձնման սկզբնական շրջանում ապրողներն ավելի վաղ կնքել են այդ 170 դրամ վճարելու պայմանագիրը, սակայն նրանց մի մասն էլ է հրաժարվում վճարել, որովհետև ասում են՝ առանց որևէ բացատրության այդ թիվն աճել է ավելի քան կրկնակի՝ 370 դրամ:

Բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետին, Երևանի քաղաքապետին, Ջրային կոմիտեի նախագահին ու ՄԻՊ-ին, պնդում են՝ կառուցապատողն ապօրինի պահանջներով ճնշում է իրենց: ՄԻՊ-ի գրասենյակում դեռ ուսումնասիրում են նամակը, քաղաքապետարանից ասացին՝ միջամտելու իրավասություն չունեն, դա բնակիչ- կառուցապատող տիրույթում լուծվող հարց է: Ջրային կոմիտեից փոխանցեցին՝ Երևանում խմելու ջուրը մատակարարում է «Վեոլիա» ընկերությունը: Բայց այս շենքի բնակիչները «Վեոլիա» բաժանորդներ չեն, ասում են՝ կառոցապատողն է ջուրը գնում «Վեոլիա» ու վաճառում իրենց։

Սա, ի դեպ, երևանյան նորակառույցներում հաճախ հանդիպող պրակտիկա է: Բայց Մալխասյանց 4-ում նախկինում տեսանելի հատվածում դրված ջրաչափերը հիմա փակ են, բնակիչները դժգոհում են՝ ինչպե՞ս տեսնեն իրենց ծախսը, ինչո՞ւ պետք է կուրորեն հավատան իրենց տրամադրվող թվերին. - «Հեռացվել են բռնակները, և զմռսվել պատուհանները, մենք չենք կարողանում բացել, որ տեսնենք մեր ջրաչափի ցուցմունքը, ոչ մուտք ունենալ մեր խողովակներին»։

Կառուցապատողը շուրջ 1 ժամ «Ազատությանը» ցույց տվեց շենքի տարածքը, պատմեց նորարարությունների ու խելացի համակարգերի մասին, բայց տեսախցիկի առջև հրաժարվեց խոսել: Փոխարենը «Ազատության» հարցերին շատ կարճ պատասխանեց սպասարկող ընկերության ներկայացուցիչ Նարեկ Խալաթյանն ու կրկին առանց տեսախցիկի: Ասաց՝ բնակիչների հետ խնդիր չունեն, նրանցից ոմանք պարզապես համաձայն չեն իրենց քաղաքականության հետ, նախնական 170 դրամն էլ դարձրել են 370, որովհետև սպասարկման ծախսերը թանկացել են: Ինչո՞ւ բնակիչներին պայմանագիր չի տրվում, որ հասկանան ինչի դիմաց են վճարում, «Սարալանջ» համատիրության ղեկավար Տիգրան Պետրոսյանն ասում է. - «Ունենք պայմանագրեր ստորագրած բնակիչների հետ, ովքեր համապատասխան վճարումները կատարում են։ Հիմնական աշխատանքները անվտանգությունն է, մաքրությունը, 24/7 սկզբունքով բոլոր հարցերի լուծումը»։

Մալխասյանց 4-ում 144 բնակարան կա, 74-ի սեփականատերերը իրենց հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր դիմել են «ՀԵՆՔ» ՍՊԸ-ին, պատասխան չեն ստացել, այստեղից էլ ասում են՝ նամակ չեն ստացել։ Բնակիչները ՊԵԿ-ին են հարցնում՝ ո՞ւր են գնում իրենց վճարած գումարները, քաղաքային իշխանությանն են դիմում՝ ինչպե՞ս է ստացվել, որ կառուցապատողն ինչպես ցանկանում այնպես էլ վարվում է տարիներով հիփոթեկ վճարող մարդկանց հետ՝ ամեն բողոքի համար դատարանի ճանապարհը ցույց տալով: Իսկ դատարաններն, ասում են, ծանրաբեռնված են, տարիներով կընկնեն քաշքշուկների մեջ, այնինչ բնակարանները գնել էին հանգիստ ապրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG