Մատչելիության հղումներ

Երևանում որոշ նորակառույցներում խնդիր կա բնակարանների գազամատակարարումն ապահովելու հարցում


Երևանի նորակառույցների հազարավոր ընտանիքներ բանալիները ստացել, բայց նոր տուն չեն կարողանում տեղափոխվել, քանի որ կառուցապատողներից տեղեկացել են՝ գազ չեն ունենա, թեև դա նախատեսված էր պայմանագրով։

«Մեզ խոստացել են, որ մենք ապրիլին արդեն բնակարանամուտ կունենանք։ Հետո հետաձգվեց, մեկ ամիս չէին պատասխանում մեր հարցերին... պարզվեց, որ գազաֆիկացման խնդիր կա։ Չորս տարի է, էս ծրագիրը ավարտին չի մոտենում։ Եղբայրս մեկ այլ թաղամասում է նորակառույցում բնակարան գնել, ավարտին մոտ է էդ շենքը։ Մի քանի ամիս առաջ ասացին, որ գազաֆիկացման խնդիր կա», - ասում է բնակարանատերերից մեկը։

Հայաստանում գազի միակ մատակարարը «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերությունից պնդում են, որ չեն կարող բոլոր նորակառույցներին կապույտ վառելիքով ապահովել, քանի որ Երևանը սնուցող բաշխիչ կայաններն ու ցանցն արդեն իսկ աշխատում են համարյա հարյուր տոկոս ծանրաբեռվածությամբ, և եթե նոր շենքեր միացնեն, համակարգի անվտանգությունը կտուժի:

Այդ դեպքում ինչպե՞ս է քաղաքապետարանը ժամանակին շինթույլտվություն տվել, հարց են տալիս տարիներով բնակարանի սպասող մարդիկ. - «Արդյո՞ք պետությունը՝ կառավարությունը կլինի թե քաղաքապետարանը, հաշվարկներ ունի այս ծավալի կառուցապատում թույլ տալով, կարո՞ղ է «Գազպրոմը» սպասարկել այսքան շատ շենքերի»։

Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, թե ամեն ինչ արվել է ըստ գործող ընթացակարգերի: Դրանց համաձայն, կառուցապատողները շինթուլտվությունը ստանալուց առաջ «Գազպրոմից» տեխնիկական պայմանների վերաբերյալ փաստաթուղթ են ստացել, որը իրավունք է տվել մեկ տարվա ընթացքում գազը շենք հասցնել թղթում նշված միացման կետից։

Հարցն այն է, որ կառուցապատողների մի մասը այդ ժամկետի մեջ չի տեղավորվել, իսկ երբ երկրորդ անգամ են դիմել, «Գազպրոմ Արմենիան» միացման կետն ավելի հեռու է տարել՝ պատճառաբանելով, թե մյուս հատվածներն արդեն ծանրաբեռնված են: Իսկ կառուղապատողների մի մասին «Գազպրոմ Արմենիան» միացման կետը ի սկզբանե է հեռու վայրից տվել։

Արդյունքում կառուցապատողները կանգնել են նոր ծախսի առաջ, որը չէին նախատեսել, ասում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, իրավիճակից դուրս գալու համար շինարարներից մի քանիսը համատեղ լուծում են գտել. - «Արաբկիր վարչական շրջանում ասոցիացիայի անդամ հանդիսացող երկու խոշոր կառուցապատող ընկերություններ միավորեցին իրենց համատեղ ֆինանսական միջոցները և «Գազպրոմ Արմենիայից» ստացված տեխնիկական պայմանի հիման վրա մայրուղային գազատարից կառուցեցին նոր գազասպառման ցանց, նոր խողովակաշար դեպի Արաբկիր վարչական շրջան։ Նշվածը ունեցավ հաջողված պիլոտային փորձ, այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան - Նոյ թաղամաս - Լենինգրադյան հատվածը եկող, այնպես էլ ամբողջ Մալաթիա-Սեբաստիայի, այնպես էլ Աջափնյակ վարչական շրջանի գազասպառման խողովակաշարի արդիականացման ուղղությամբ։ Աջափնյակ վարչական շրջանից եկող տարվա ընթացքում պետք է մուտք գործի նաև Դավթաշեն վարչական շրջան։ Կառուցապատողները լավ օրից չի, որ համախմբվելով, ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ փորձում են խնդիր լուծել»։

Ասոցիացիան այս պահին ևս 36 կառուցապատողի հետ է բանակցում։ Եթե ընդհանուր հայտարարի գան, գազ ստանալու հնարավորություն կստանա ևս 20-25 հազար բնակարան: Բայց սա խնդրի մի փոքր մասն է միայն լուծում. կառուղապատողներից շատերը աշխարհագրորեն կամ այլ պատճառներով չեն կարող միավորվել և նոր առաջացած ծախսը դնում են սպառողների վրա:

Ներկայանալ չցանկացած մեր զրուցակիցն ասաց, թե իրենց առջև պայման են դրել` գազ կունենանան, եթե հավելյալ մի քանի հարյուր հազար դրամ վճարեն. - «Պայմանագրով նախատեսված չէ, որ բնակիչների հաշվին է լինելու գազաֆիկացումը։ Ինչը իհարկե զայրացրեց, բայց մենք այլընտրանք էլ չենք տեսնում։ Իհարկե, մեծ մասը բնակիչների պատրաստ է վճարել։ Մարդիկ բնակվում են վարձով, դրան գումարած հիպոթեքի վճար են անում...»

Որ իրավճակն այսպես չխճճվեր, կառավարությունը՝ որպես գլխավոր կազմակերպիչ, ի սկզբանե պետք լուծեր կոմունիկացիաների հարցը, կարծում է «Լույսեր» թաղամասի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը. - «Թող գնան կառուցապատողին ասեն, օրինակ՝ ամեն բնակարանի համար արժի իքս գումար այդ երեք կոմունիկացիան տեղ հասցնելը։ Կառուցապատողը իմանա, որ էդ հոգսից կտրվում ա ինքը։ Սա ա ամենալավ լուծումը։ Նրա գործը կառուցել, վաճառել, զարգացնելն ա, նրա գործը չի ընկնել էդ թղթաբանական ամեն ինչի մեջով, վերջում պարզվի, որ պետություն - «Գազպրոմ», պետություն - «Վեոլիա ջուր» պայմանագիրն էնպիսին ա, որ սահմանված չի, որ իրանք պետք ա դա իրականացնեն, դա կառուցապատողի վրա ա, կառուցապատողն էլ իրավունք չունի, որովհետև էդ լիցենզիան չունի, որ սկսի էդ գործը անել, հիմա փնտրում է շինարարական կապալառու ընկերություն, որը կարա էդ գործը անի, որը անհիմն թանկ գին ա տալիս նրան... Ու սենց սկսում ամեն ինչը ավելի բարդանալ»։

Խնդրի համակարգային լուծման համար, ըստ «Գազպրոմի», հարկավոր է գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել: Ընդ որում, ընկերությունից ընդգծում են, որ առաջիկա տասը տարիների իրենց ներդրումային ծրագրում նման ծախս նախատեսված չէ: Որպես փոխզիջումային լուծում կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է կայանները կառուցել բյուջեի հաշվին, դրանք տալ «Գազպրոմին»՝ պայմանով, որ ընկերությունը հինգ տարվա ընթացքում կառավարությանը վերադարձնի համակարգի ընդլայնման վրա ծախսված 20 միլիարդ դրամը: Այդ դեպքում էլ, ենթադրվում է, որ սակագինը կբարձրանա բոլորի համար:

Այս նախագիծը դեռ միայն էլեկտրոնային հարթակում է քննարկվել։ Եթե անգամ այն ընդունվի, դրա իրագործման համար առնվազն երեքից հինգ տարի կպահանջվի: Իսկ թե ինչ պիտի անեն մինչ այդ նոր բնակարանի սպասող մարդիկ, պետական որևէ կառույց առայժմ չի պարզաբանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG