Մատչելիության հղումներ

Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորն ընտրվել է ՄՔԴ նախագահ


 Տոմոկո Ականե, արխիվ
 Տոմոկո Ականե, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավոր Տոմոկո Ականեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ՝ երեք տարի ժամկետով։

«Ինձ համար պատիվ է ընտրվել Միջազգային քրեական դատարանի նախագահ: Դատարանի համար այս դժվարին ժամանակներում կայուն, համագործակցող և միասնական ղեկավարություն է պետք», - ասել է Ականեն՝ շեշտելով, որ նախատեսում է կենտրոնանալ դատարանների միջև երկխոսության զարգացման վրա, ինչպես նաև ամրապնդել երկխոսությունը ինչպես անդամ երկրների, այնպես էլ Հռոմի կանոնադրությունը դեռ չվավերացրած պետությունների հետ։

2023-ի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։

Այս որոշումից օրեր անց Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հրամանն արձակած դատախազի և ՄՔԴ երեք դատավորների, այդ թվում՝ Տոմոկո Ականեի նկատմամբ, չորս ամիս անց էլ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

XS
SM
MD
LG