Մոլդովայից անջատված Մերձդնեստրում արդեն երրորդ օրն է հազարավոր մարդիկ ձմռան ցրտի պայմաններում մնացել են առանց բնական գազի, ջեռուցման և տաք ջրի այն բանից հետո, երբ հունվարի 1-ից դադարեցվեց Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի մատակարարումը: Որոշ տնտեսություններ սահմանափակ ծավալով են գազ ստանում:
Մերձդնեստրի տնտեսական զարգացման նախարար Սերգեյ Օբոլոնիկն ասել է, որ երկրում գործող արդյունաբերական բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրությամբ զբաղվողների, դադարեցրել են աշխատանքը, հազարավոր մարդիկ առանց աշխատանք են մնացել: Նրա խոսքով՝ Մերձդնեստրում, որի բնակչությունը կազմում է մոտ 450 հազար, առանց ջեռուցման են մնացել հարյուրավոր մանկապարտեզներ և ուսումնական հաստատություններ:
«Մեր էներգետիկ պաշարները պարզապես չեն բավարարում։ Եթե մոտ ապագայում այս հարցը չլուծվի, խնդիրներն անդառնալի բնույթ կստանան, արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումն անհնարին կդառնա», - նշել է Սերգեյ Օբոլոնիկ:
Նախարարը նաև նշել է, թե ճգնաժամն այնքան ծանր է, որ կարիք չկա թվարկել, թե որ ձեռնարկություններն են դադարեցրել աշխատանքը:
«Բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները կանգնած են, բացառությամբ սննդամթերք արտադրողների, այն էլ նրանք, որոնք անմիջականորեն ապահովում եմ Մերձդնեստրի պարենային անվտանգությունը։ Այլ ձեռնարկությունների, արդյունաբերական հատվածի համար էներգետիկ ռեսուրս չկա», - ընդգծել է Օբոլոնիկը։
Մինչդեռ Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին ասել է, թե սպասում էին, որ սա կարող է տեղի ունենալ և պատրաստվել են դրան, անհրաժեշտ է առերեսվել խնդրին և լուծել այն:
«Գազամատակարարման դադարեցումը հանկարծակի չի եղել, նախադրյալները եղել են, մենք գիտեինք նման հնարավորության մասին, պատրաստ էինք և անակնկալի չեկանք... Ձևավորվել է ռեզերվ, որը թույլ կտա այն օգտագործել, թեև սահմանափակ չափով, հանրապետության հյուսիսում՝ 10 օր և երկու անգամ ավելի երկար ժամանակով՝ հարավում», - ասել է Վադիմ Կրասնոսելսկին:
Մերձդնեստր ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է հունվարի 1-ից, պատճառն այն է, որ ավարտվել էր ուկրաինական «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև 2019-ին կնքված պայմանագիրը, որով ռուսական գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում էր Եվրոպա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել պայմանագիրը, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում օգուտ ստանա իր երկրի տարածքով գազի արտահանումից:
Տիրասպոլի վարչակազմը հայտարարել է, որ բնական գազի պաշարները բավարար են մոտ 20 օրվա համար
Մայրաքաղաք Տիրասպոլի վարչակազմը հայտարարել է, որ բնական գազի պաշարները, բավարար են մոտ 20 օրվա համար, և որ դրանք նախատեսված են հիվանդանոցների և այլ «հասարակական և սոցիալական հաստատությունների» համար։
Մոլդովայի պետական էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ հունվարի 3-ին կկարողանա ամբողջությամբ բավարարել Մերձդնեստրում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը:
Հինգշաբթի առավոտյան «Մոլդովագազ» ընկերությունը պաշտոնական նամակ է ուղարկել մերձդնեստրյան «Տիրասպոլտրանսգազ»-ին և առաջարկել օգնել՝ կազմակերպելու բնական գազի գնումը եվրոպական գազի ցանկացած հարթակում՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակում Դնեստրի ձախ ափի բնակիչներին էներգետիկ ռեսուրսներով ապահովելու համար։
Մոլդովայում դեկտեմբերին ստեղծված ճգնաժամային խումբը հայտնել է, որ հունվարի 1-ին երկրի էլեկտրաէներգիայի սպառման գրեթե կեսը բավարարվել է Ռումինիայից ներկրմամբ, և կարիք չկա ակտիվացնել պահուստային պայմանագրերը կամ չնախատեսված հոսքերը։ Քիշնևի իշխանությունները հաստատել են, որ Մերձդնեստրին էլեկտրաէներգիա է մատակարարվում, իսկ տարածաշրջանը սպասարկող էլեկտրակայանը անցել է ածխի օգտագործման։