Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա


Ռուսաստանը վաղ առավոտյան դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Ուկրաինան բազմիցս հրաժարվել է թարմացնել 2019 թվականին կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ընկերության հայտարարությունում ասվում է. - «Այդ պայմանագրերը երկարաձգելու ուկրաինական կողմի բազմաթիվ և հստակ արտահայտված մերժումների պատճառով 2025 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ»-ը զրկվել է Ուկրաինայի տարածքով գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից։ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից ռուսական գազի մատակարարումն Ուկրաինայի տարածքով դրա փոխադրման նպատակով չի իրականացվում»։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ մատակարարումը դադարեցվել է. - «Ժամը 07:00-ին ազգային անվտանգության շահերից ելնելով դադարեցվել է ռուսական բնական գազի փոխադրումը Ուկրաինայի տարածքով։ Ուկրաինան այդ մասին սահմանված կարգով տեղեկացրել է իր օտարերկրյա գործընկերներին»:

Ուկրաինայի նախագահը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել 2019 թվականին «Գազպրոմ» և ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների միջև կնքված պայմանագիրը, որի հիման վրա ռուսական գազն այս խողովակաշարով արտահանվում էր Եվրոպա: Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ թույլ չի տա, որ Ռուսաստանն օգուտ ստանա Ուկրաինայի տարածքով գազի արտահանումից:

Ռուսական հարձակումները կանգ չեն առնում նույնիսկ տոներին։ Նոր տարվա առաջին օրը ռուսական զինուժը շարունակել է անօդաչուներով հարվածել Կիևին, որտեղ սպանվել է մեկ մարդ, ևս վեցը՝ վիրավորվել, վնասվել է բնակելի շենք: Ուկրաինայի Զինված ուժերի փոխանցմամբ՝ անօդաչուներ են հայտնաբերվել նաև Խարկովի և Պոլտավայի երկնքում։

Զելենսկի. ԱՄՆ նորընտիր նախագահը «ցանկանում է և կարող է խաղաղություն բերել Ուկրաինային»

Մինչ ռուսական կողմը շարունակում է տարբեր ուղղություններով հարվածել ուկրաինական բնակավայրերին, Վլադիմիր Զելենսկին երեկ հղած Ամանորի ուղերձում վստահություն է հայտնել, թե Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը՝ «ցանկանում է և կարող է խաղաղություն բերել Ուկրաինային ու վերջ դնել Պուտինի ագրեսիային»:

«Նա հասկանում է, որ առաջինն անհնար է առանց երկրորդի: Որովհետև սա փողոցային դիմակայություն չէ, որտեղ երկու կողմերին պետք է հանգստացնել: Սա խելագար պետության լայնամասշտաբ ագրեսիա է քաղաքակիրթ պետության դեմ։ Եվ ես հավատում եմ, որ մենք Միացյալ Նահանգների հետ միասին ունենք այդ ուժը, որպեսզի Ռուսաստանին ստիպենք գալ արդար աշխարհ», - նշել է Զելենսկին:

Թրամփը դեկտեմբերին NBC հեռուստաալիքին ասել էր, որ ակտիվորեն աշխատում է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ նշել է, որ երբ ստանձնի պաշտոնը, Ուկրաինան դժվար թե Միացյալ Նահանգներից ռազմական օգնություն ստանա նույն ծավալով, ինչ ստացել է Ջո Բայդենի վարչակազմի օրոք:

Ավելի վաղ Թրամփը Մոսկվային և Կիևին կոչ էր արել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել՝ նշելով, որ երկու կողմերն էլ հարյուր հազարավոր զոհեր են ունեցել այս հակամարտության պատճառով։ Ընտրություններում իր հաղթանակից առաջ նա խոստացել էր դադարեցնել պատերազմը, ինչպես ինքն էր ասել, 24 ժամում և նույնիսկ հունվարին իր երդմնակալությունից առաջ, սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դա անել:

XS
SM
MD
LG