«Մերձդնեստրի տարածքում գործող բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրությամբ զբաղվողների, դադարեցրել են աշխատանքը», - այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության տնտեսական զարգացման նախարարը։
Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 1-ից դադարեցվել է նաև բնակելի շենքերի ջեռուցումը ինչպես նաև տաք ջրի մատակարարումը բնակչությանը։
«Մեր էներգետիկ պաշարները պարզապես չեն հերիքում։ Եթե մոտ ապագայում այս խնդիրը չհաղթահարվի, պրոբլեմներն անդառնալի բնույթ կստանան, արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումն անհնարին կդառնա», - նշել է նախարարը։
Մերձդնեստրում սկիզբ առած էներգետիկ ճգնաժամի պատճառը ռուսական գազի մատակարարումների դադարեցումն է Մոլդովա։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հունվարի 1-ից դադարեցրել է գազի մատակարարումը՝ Քիշնևից պահանջելով մարել նախորդ տարիներին գոյացած ավելի քան 700 միլիոն դոլարի պարտքը։
Մոլդովայի կառավարությունը պարտքի գոյությունը հերքում է։ Մերձդնեստրը գազ էր ստանում Մոլդովայի հետ մեկ միասնական փաթեթով։