Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է՝ Մոսկվան արել է ու կանի ամեն ինչ Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման, Ադրկովկասում ամուր խաղաղության համար։
Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի՝ հավատարմագրերի հանձնման միջոցառման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել է, թե շարունակելու են աջակցել խաղաղության պայմանագրի, սահմանազատման ու ապաշրջափակման շուրջ աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին համահունչ։
«Չեմ կարող չհայտնել գոհունակությունս, որ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդները օգտվեցին BRICS-ի գագաթնաժողովի հարթակից ու սկզբունքային հարցերի շուրջ կարևոր զրույց ունեցան՝ ամուր խաղաղության հասնելու համար», - ասել է Պուտինը հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին։
Կազանում հոկտեմբերի վերջին հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Բանակցությունների համար ավելի վաղ էլ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էին օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար, ինչը Երևանը մերժեց։
Պուտինն այսօր նաև հաստատել է դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և ապագայի համատեղ ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում էին՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ առանձին հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։ Եռակողմ հանդիպում Մոսկվայում այդպես էլ տեղի չունեցավ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել էր՝ թեև Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։
Երևանն ավելի վաղ մի քանի անգամ հրաժարվել է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։
Խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում. Լավրով
Այսօր հայ-ադրբեջանական կարգավորումից է խոսել նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ ասելով, թե Մոսկվայում վստահ են, որ առանց Երևանի ու Բաքվի դիրքորոշումների համապարփակ հաշվառման ու «գետնի վրայի իրողությունները հաշվի առնելու վաղահաս խաղաղությունը որևէ լավ բանի չի հանգեցնի», ընդհակառակը՝ լարվածության ու հակամարտության հնարավոր էսկալյացիայի ռիսկ կստեղծի։
Ռուսական РИА -ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև կարգավորման համար ոչ միայն էական ջանքեր, այլև ժամանակ է պետք։
«Հենց այդ պատճառով ի տարբերություն արևմտյան պսևդոմիջնորդների՝ գործընկերներին խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում», - շեշտել է Լավրովը։
Լավրովը կոնկրետ անուններ չի նշել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ուղղած նամակներում կոչ էր արել այս տարի ամբողջացնել խաղաղության պայմանագիրը։ Ավելին, Ջո Բայդենը Նիկոլ Փաշինյանին հղած նամակում վստահեցրել էր, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»: Այդ նախաձեռնությունները չեն հանրայնացվել։
Ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում զգալի առաջընթացը՝ Ռուսաստանի արտգործնախարարը խաղաղության գործընթացը տարածաշրջանային մակարդակում ամրագրելու կարևորությունից ու «արտաքին դեստրուկտիվ միջամտության» բացառումից է խոսել։
«Հայ -ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս հանելու Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները», - ասել է Լավրովը։