Մատչելիության հղումներ

Մոսկվան վստահ է, որ առանց Երևանի ու Բաքվի դիրքորոշումների հաշվառման «վաղահաս խաղաղությունը լավ բանի չի բերի»


Մոսկվան վստահ է, որ առանց Երևանի ու Բաքվի դիրքորոշումների համապարփակ հաշվառման ու «գետնի վրայի իրողությունները հաշվի առնելու վաղահաս խաղաղությունը որևէ լավ բանի չի հանգեցնի», ընդհակառակը՝ լարվածության ու հակամարտության հնարավոր էսկալյացիայի ռիսկ կստեղծի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսական РИА -ին տված հարցազրույցում նա նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև կարգավորման համար ոչ միայն էական ջանքեր, այլև ժամանակ է պետք։

«Հենց այդ պատճառով ի տարբերություն արևմտյան պսևդոմիջնորդների՝ գործընկերներին խաղաղ պայմանագրի հապճեպ ստորագրման չենք դրդում», - շեշտել է Լավրովը։

Ողջունելով հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում զգալի առաջընթացը՝ Ռուսաստանի արտգործնախարարը խաղաղության գործընթացը տարածաշրջանային մակարդակում ամրագրելու կարևորությունից ու «արտաքին դեստրուկտիվ միջամտության» բացառումից է խոսել։

«Հայ -ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս հանելու Վաշինգտոնի և Բրյուսելի ցանկությունը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները», - ասել է Լավրովը։

  • Անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են խաղաղության համաձայնագրի «մեկ-երկու ձևակերպման» համաձայնեցման շուրջ, որից հետո, ըստ Արարատ Միրզոյանի, այն պատրաստ կլինի ստորագրման։

XS
SM
MD
LG