Երևանը խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու և ստորագրելու համար Բաքվին առաջարկներ է ուղարկել, այժմ սպասում է արձագանքի։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, սակայն, չի հստակեցնում՝ երբ են դրանք ուղարկվել և ինչ առաջարկներ են։
Անցած շաբաթ արտգործնախարարն էր տեղեկացրել, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ Արարատ Միրզոյանի, այն պատրաստ կլինի ստորագրման։ «Ազատություն»-ն այսօր փոխարտգործնախարարից հետաքրքրվեց՝ հաջողվե՞լ է արդյոք համաձայնեցնել այդ ձևակերպումները, և ո՞ր փուլում է գործընթացը:
«Նույն փուլում է, ու այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին», - ասաց Հովհաննիսյանը:
Երևանը օգոստոսին Բաքվին ուղարկել էր խաղաղության պայմանագրի նախագծի իր տարբերակը՝ առաջարկելով արդեն համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրել, ադրբեջանական կողմը, սակայն, կտրուկ մերժել էր: Իսկ թե երբ է Ադրբեջանը նախագծի 11-րդ խմբագրումը փոխանցել Հայաստանին, պաշտոնապես չի հաղորդվել, բայց փոխարտգործնախարարի հայտարարությունից այսօր պարզ դարձավ, որ Երևանը դրան է պատասխանել։
Հայկական կողմը Ադրբեջանին նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցով է առաջարկներ ուղարկել։ Այս դեպքում էլ ոչ ժամկետներն են հայտնի, ոչ էլ փաթեթի բովանդակությունը: Արարատ Միրզոյանը միայն նշել էր, որ խոսքը սահմանային անցման պարզեցված ընթացակարգերի մասին է: Թե այլ ինչ բաղադրիչներ կան այդ փաթեթում, այսօր չմանրամասնեց նաև փոխարտգործնախարարը:
«Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասներ չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը հենց բացումն է ճանապարհների՝ համապատասխան «Խաղաղության խաչմերուկը» մեր կոնցեպտի, որևէ արտառոց էլեմենտներ այստեղ չկան և խոսքը գնում էր հաղորդակցությունը մաքսիմալ բացելու մասին: Հիմնականը, որ բացառում է 3-րդ կողմի վերահսկողությունը անվտանգության կամ այլ ձևով պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տոտալ վերահսկումն այդ ուղիների: Երևի թե դա կարևորագույն ասպեկտն է», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Օգոստոսին փոխադարձ համաձայնությամբ կողմերը երթուղիների ապաշրջափակման հարցը հանեցին խաղաղության պայմանագրից, բայց դրա շուրջ քննարկումները ոչ թե դադարել, այլ հակառակը՝ էլի ավելի են ակտիվացել: Օրերս էլ սահմանազատման հանձնաժողովների համանախագահներն էին իրենց հանդիպմանը հարցին անդրադարձել: Թեև մինչև անցած տարի այդ հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբն էր զբաղվում՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ, այսօր իշխող ուժի փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ հայկական կողմն բոլոր, այդ թվում՝ ապաշրջափակման հարցով նախընտրում է երկկողմ ձևաչափ: