Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ Այս մասին ասված է Էմանյուել Մակրոնի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ռազմավարական գործընկերության ամրապնդման հայտարարության մեջ, որը նրանք արել են Ղազախստանի նախագահի Փարից այցի շրջանակներում։
Ըստ Մակրոնի և Տոկաևի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը թույլ կտա արդար և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար։
Նախագահները նաև վերահաստատել են գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության, անվտանգության և կայունության խթանման իրենց համատեղ հանձնառությունը:
- Երեկ հայտնի դարձավ, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Սա չգաղտնազերծվող փաստաթղթի 11-րդ խմբագրությունն է։
- Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։