ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին, հայտարարում է Հայաստանում Նահանգների դեսպանատունը։
«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով», - ասված է հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգների դեսպանատունը նաև խրախուսում է իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված։
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ կիրառեց Ազգային ժողովի հարակից տարածքում ընդդիմության հավաքի ժամանակ, հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։
Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ոստիկանական գործողությունները որակեց «ահաբեկչություն՝ տեռոր»։ Իշխանությունները, մինչդեռ, պնդում են՝ դրանք իրավաչափ էին։