Լոռու և Տավուշի մարզերում գարնանը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման, փլուզումները վերականգնելու համար ավելի քան 110 միլիոն դոլար պետք կգա: Սրանք կառավարության, ՄԱԿ-ի ու Եվրամիության համատեղ հաշվարկներն են աղետից տուժած 9 համայնքներում:
Կարիքները գնահատվել են, առաջարկությունների փաթեթ է մշակվել, եղածն արդեն թղթի վրա է, ու վերականգնման համար միջոցներ են փնտրում, ասում է՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը:
Ծախսի որքա՞ն մասը կառավարությունն ի վիճակի կլինի փակել, որքան մասի դեպքում հնարավոր կլինի միջազգային կառույցներին կամ այլ պետություններին համոզել ներդրումներ անել Հայաստանի հյուսիսային մարզերում, դեռ պարզ չէ: Աղետին հաջորդող օրերին բազմաթիվ երկրների դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ այցելեցին աղետի գոտի: Հայաստանը հույս ուներ, որ աջակցողներ կլինեն:
Առայժմ միայն Ճապոնիայի կառավարությունն է արձագանքել: Տաշիրում մայր ջրանցքի բաշխիչ կետում վերականգնման աշխատանքների համար գրանտային միջոցներով կաջակցեն: Բայց ՄԱԿ-ի աղետների ռիսկերի կառավարման մասնագետ Արմեն Չիլինգարյանն ասում է՝ հույս ունեն, որ եկող տարվա սկզբին հնարավոր կլինի նոր ռեսուրսներ գտնել:
«Կառավարության հետ պետք է աշխատենք հետևյալ ուղղությամբ, հասկանանք՝ կառավարությունը որքան ծախս է վերցնում պետբյուջեի վրա և որքան մասը րի կարողանում փակել, որովհետև կառավարությունը չի կարողանալու այդ ամբողջական ծավալը փակի, կարծում եմ, պետք են լինելու լրացուցիչ ներդրումներ», - նշեց Չիլինգարյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի օրերս հրապարակված զեկույցում նշված է, որ մայիսին Դեբեդ և Աղստև գետերում տեղի ունեցած ջրհեղեղը Հայաստանում ամենաավերիչն էր անցած 65 տարիների ընթացքում: Դրա հետևանքով 9 խոշորացված համայնք ու ավելի քան 40 հազար մարդ տուժեց, մոտ 2,5 հազար մարդ տարհանվեց, չորս մարդ՝ զոհվեց: Ամենաշատը տուժել էր Ալավերդին: Վնասի մեծ մասը բաժին հասավ տրանսպորտի ոլորտին: Ավերվեցին կամ մասամբ վնասվեցին 11 մեծ ու փոքր ավտոմոբիլային ու ևս 20 հետիոտնային կամուրջներ, մայրուղիների մոտ 20 կմ բազմաթիվ հատվածներ:
Դեռևս բոլոր վնասված ենթակառուցվածքները ժամանակավոր են վերականգնվել: Տարածքային կառավարման նախարարությունից «Ազատությանն» ասացին, հիմնական շինությունների հետ կապված դեռ ռիսկերի գնահատում է արվում, շինարարություն սկսելու համար վաղ է:
Ինչո՞ւ աղետից 7 ամիս անց դեռ վերականգնված կամուրջները ժամանակավոր են: Ջրհեղեղից հետո Ալավերդիում իրավիճակն ուսումնասիրած Համայնքային համախմբման և աջակցման կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանն օրերս կազմակերպած քննարկման ընթացքում հարց էր բարձրացրել՝ արդյոք դրանք ռիսկային չե՞ն հետագա օգտագործման համար. - «Հատկապես եթե տեսնենք, որ հատակը փայտյա է, ես ուզում եմ պատկերացնել, եթե ձյուն եկավ, մեքենան որքանով է անվտանգ անցնելու այդ կարմուրջով»:
Նախարարությունից ասում են՝ մետաղական կոստրուկցիաներով կառուցվածները ձմռանը խնդիր չեն ունենա, փայտի դեպքում, կոնկրետ պատասխան ստանալ չհաջողվեց: Հետաղետային կարիքների գնահատումը համակարգած Արմեն Չիլինգարյանը համոզված է՝ շտապողականություն այս դեպքում մեր օգտին չի լինի: Նախ պետք է գնահատել բոլոր ռիսկերը, եթե անգամ դա ժամանակի հաշվին է:
Ջրհեղեղից մեծապես տուժել է նաև գյուղատնտեսության ոլորտը՝ հեղեղվել էր 160 հա հողատարածք, շարքից դուրս էին եկել ոռոգման ցանցեր, պոմպակայաններ: Էական վնաս է կրել 149 բիզնես ու 2100 կորցված աշխատանք գրանցվել: