Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը։
Հարցին, թե ԱՄՆ-ը հիասթափված չէ՞, որ այդ ուղղությամբ ԱՄՆ ջանքերն արդյունք չեն տվել, Պատելը պատասխանել է՝ չեն կենտրոնանում հիասթափությունների վրա, այլ պարզապես շարունակում են աշխատել։
«Պետքարտուղար Բլինքենն է ասել՝ ոլորտներ կան, որոնք տքնաջան աշխատանք են պահանջում մինչև արդյունքի հասնելը։ Սա շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», - ասել է Պատելը։
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում է այդ համաձայնագրի ստորագրմանը, Վաշինգտոնը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մի քանի հանդիպումներ է անցկացրել։
Մինչ Երևանը վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի որևէ հիմք չկա, խոսում է խաղաղության պայմանագիրն արագորեն ստորագրելու հնարավորություններից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին մեղադրում է խաղաղությանը խոչընդոտելու համար, կրկին պնդում, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, խնդրահարույց համարում զենք գնելու հայկական կողմի փորձերը, բարձրացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։