Մատչելիության հղումներ

Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է New York City Opera-ի գործադիր տնօրեն


Կոնստանտին Օրբելյանը Երևանում ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2019թ.
Կոնստանտին Օրբելյանը Երևանում ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2019թ.

Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է New York City Opera-ի գործադիր տնօրեն։ Հեղինակավոր Associated Press լրատվամիջոցն է լուրը հաղորդել՝ ընդգծելով, որ 2022 թվականից ի վեր օպերան նոր ներկայացում չի ունեցել, և հիմա արդեն նախատեսվում է, որ 2025-26 թվականներին Ուիլյամ Գրանտ Սթիլի «Անհանգիստ կղզին» օպերայով Օրբելյանը նոր շունչ կտա New York City Opera-ին։

«Ես մարդ եմ, ով սիրում է փորձել վերակենդանացնել իրերը: Ես դա անելու բավականին լավ փորձ ունեմ», - ասել է 68-ամյա հայազգի արվեստագետը լրատվամիջոցի հետ զրույցում։

Նյու Յորքի օպերան ֆինանսական խնդիրներ է ունեցել վերջին տարիներին։ 2023 թվականի հունիսին ավարտվող տարվա հարկային հայտարարագիրը ցույց է տվել 977 հազար 303 դոլարի ակտիվներ և 2 միլիոն 55 հազար101 դոլարի պարտավորություններ: Ներդրումները և դրամաշնորհները նվազել են մինչև 599 հազար 634 դոլար՝ 2021-22-ի 1.22 միլիոն դոլարի համեմատ, իսկ տոմսերի եկամուտը կազմել է 237 հազար 547 դոլար:

«Անշուշտ, պետք է լինի նվազագույն գումար, որպեսզի կարողանանք գործել», - ասել է Օրբելյանը:

New York City Opera-ում առաջին ներկայացումը բեմադրվել է 1944 թվականին։ Բևերլի Սիլսը, Պլասիդո Դոմինգոն, Ռենե Ֆլեմինգը իրենց կարիերայի վաղ շրջանը սկսել են հենց այստեղ։

Օրբելյանը 1991-2010 թվականներին եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի երաժշտական ղեկավարը, իսկ 2016-21 թվականներին՝ Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ 2014 թվականից նա Կաունաս քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։

«Ես սիրում եմ մարտահրավեր։ Վերակենդանացրել են հայկական օպերային թատրոնը՝ երեք տարվա ընթացքում բերելով 14 նոր բեմադրություն, երբ նախորդ 18 տարում նրանք չորս բեմադրություն ունեին», - ասել է Օրբելյանը։

2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել արվեստագետների շրջանում։ Տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, թատրոնի արտիստները Կառավարությունից պահանջում էին չեղարկել որոշումը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում բեմ դուրս չեն գա։

Կոնստանտին Օրբելյանը միայն դատարանի վճռով վերականգնվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։

XS
SM
MD
LG