Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որ արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ միասին պահանջում է իշխանությունից 3 ամսում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել, զարմացած է վարչապետի երեկվա հայտարարությունից։
«Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ, չեմ կարող տալ», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Խզմալյանն ասաց. - «Դա ինձ զարմացրեց, միակ համակարգը, որ պատրաստ է մեզ ընդունել ի հեճուկս նրան ինչ ասել է Փաշինյանը, Եվրամիությունն է»:
Խզմալյանը տարակուսած է՝ ինչպե՞ս կարող է վարչապետը վստահ չլինել՝ Եվրամիությունում Հայաստանին սպասում են, թե՝ ոչ, երբ եվրոպական կառույցներից բազմիցս ասել են, որ Հայաստանին ցանկանում են տեսնել ԵՄ կազմում։
«Նա չի կարող չիմանալ՝ ինչու էին նրան հրավիրել Բրյուսել ապրիլի 5-ին Միացյալ նահանգների պետքարտուղար Բլինքենը և Եվրամիության ղեկավարներից Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա չի կարող մոռանալ, որ Հայաստանի արևելյան և հարավային սահմանը պաշտպանում է Եվրամիության դիտորդական առաքելությունը [խմբ՝. ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն], ու դա շատ լուրջ է, դա ապահովում է մեր տղաների կյանքը, մեր զինվորների անվտանգությունը, մեր մայրերի հանգիստ քունը: Ընդամենը հիշեցնեմ, որ նույնպես Բրյուսելում Եվրախորհրդարանի նիստը 504 ձայնով կողմ և 4 դեմ՝ քվեարկեց Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու օգտին», - ընդգծեց Եվրոպական կուսակցության ղեկավարը:
Խզմալյանի նշած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպմանը, սակայն, Հայաստանի՝ Եվրամիության անդամակցությանը որևէ անդրադարձ չի եղել, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը որևէ իրավական պարտադիր ուժ չունի, որևէ պետության թեկնածությունը և անդամակցությունը միաձայն պետք է հաստատվի Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի կողմից և անհրաժեշտ է, որ միության բոլոր անդամ պետությունները միաձայն կողմ լինեն դրան։
Բայց Խզմալյանը միևնույն է հարց է տալիս՝ էլ ի՞նչ պետք է անի Եվրամիությունը, որ Հայաստանում հավատան, որ իրենց սպասում են այնտեղ՝ ընդգծելով՝ իշխանությունը պարզապես խուսանավում է ԵՄ անդամակցությունից։
«Մենք պարզապես զարմանք ու ծիծաղ ենք առաջացնում, ես խոսում եմ եվրոպական պաշտոնյաների հետ, և նրանք չեն էլ քննարկում դա, հասկանում են, որ սա մարտավարական խուսանավելու միջոց է, - ասաց նա և նշեց, - կարծում եմ՝ կառավարությունը և մենք՝ չորս կուսակցությունները, տարբեր ձևով ենք մեկնաբանում այն սպառնալիքները, որոնք գոյացել են մեր երկրի առաջ»:
Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կնվազեցնի անվտանգային սպառնալիքները։ Մասնավորապես, ըստ Խզմալյանի, կկանխի նաև աշնանը սպասվող խռովությունը, որը, նրա պնդմամբ, ծրագրել է Ռուսաստանը։ Թե ինչի՞ հիման վրա է Խզմալյանն այս կանխատեսումն անում, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավարը փակագծեր չբացեց։
«Մենք հուշում էինք կառավարությանը, որ մայիսին լինելու է խռովության փորձ, այդպես էլ եղավ, հիմա ես ցավով կանխատեսում եմ ու վստահ եմ, որ դա կլինի, հաջորդ խռովության փորձը լինելու է հաշված ամիսներ անց՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հենց այդ վտանգը կանխելու համար, պետք է ժողովրդի քվեն, որը կոչնչացնի այդ խռովարարների սոցիալական բազան: [Ռուսաստանը] արդեն ծրագրել է, և ես ասում եմ՝ եթե մենք առաջարկում ենք հանրաքվե, դրա գլխավոր նպատակներից մեկը բուն եվրաինտեգրման գործընթացից հետո՝ ապահովել Հայաստանի ներքին անվտանգությունն ու կայունությունը», - ասաց Խզմալյանը:
«Առանց ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու, Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ -ին»
Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավարն ընդունում է՝ առանց ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ դուրս գալու, Հայաստանը չի կարող անդամակցել ԵՄ -ին։ Խզմալյանը վստահ է՝ ի վերջո դա մեկ օրվա կամ մեկ ժամվա որոշում կդառնա, քանի որ ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է, որ Հայաստանն այնտեղից դուրս գա։
«Մենք առաջարկում ենք, որ դա անի Փաշինյանը, մենք՝ չորս կուսակցություններով ուզում ենք օգնել գործադիր իշխանությանը, ահա ինչու մենք առաջարկում ենք հանրաքվե», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ հաշվարկե՞լ են սպառնալիքները, գուցե վարչապետը նաև այդ սպառնալիքները հաշվի առնելով է դեռ սառեցրած պահում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ու այդ քայլը չի անում, անգամ ֆինանսների նախարարն է ասում, որ ԵԱՏՄ-ից չենք կարող դուրս գալ, որովհետև դա շատ ցավոտ կլինի Հայաստանի տնտեսության համար, Խզմալյանը պատասխանեց. - «Ֆինանսների նախարարը խոսում է գնի մասին, մենք խոսում ենք արժեքների մասին: Պետությունը, պետականությունը գին չունեն, ազատություն գին չունի»:
Հայաստանի ԵՄ անդամակցության կողմնակից քաղաքական ուժի ղեկավարը համաձայն չէ, որ վարչապետը երեկ փաստացի մերժեց հանրաքվե անցկացնելու իրենց առաջարկը։
Հայաստանի ապագան ԵՄ կազմում տեսնող ուժերը շարունակելու են համոզել վարչապետ Փաշինյանին գնալ իրենց առաջարկած ճանապարհով և առաջիկայում ծրագրում են հանդիպել նրան։ Այդ հանդիպումն, ըստ Խզմալյանի, չի ուշանա։
Վաղն արտախորհրդարանական ուժերը հիմնականում նույն օրակարգով հանդիպելու են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Մինչ այդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բաց տեքստով ասում են՝ ԵՄ անդամակցությունը հեշտ գործընթաց չէ, և մինչև հանրաքվեն երկիրը պետք է բազմաթիվ իրավական գործընթացներ անցի։