Մատչելիության հղումներ

Վարչապետը չգիտի՝ պատրա՞ստ է ԵՄ-ն ընդունել Հայաստանին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետը վստահ չէ՝ կա՞ արդյոք Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն։ Այսօր Երևանում անցկացվող «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ փաստացի առաջին անգամ անդրադառնալով այս հարցին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ չգիտի՝ իսկ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն ընդունել Հայաստանին։

«Ես գիտեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչո՞ւմ է պրոբլեմը: Ես չեմ ուզում անդրադառնալ զուտ օրենքի հետ կապված կարգավորումների պրոբլեմներին, որովհետև էդ կարելի է կարգավորել, հարցը դա չի: Բայց էսօր, եթե մենք անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ, երբ որ մենք գնանք քարոզարշավ, էդ մարդիկ, քաղաքացիները մեզ էսօր տալու են հարցեր, ասելու են՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունը ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ինձ ասելու են՝ «Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել էնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ»: Հիմա հարց՝ Եվրամիությունը ինչքանո՞վ է պատրաստ, էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ էսօր: Ոչ, չեմ կարող»:

Փաշինյանն այսօր ընդգծեց նաև, որ Եվրամիությունում հիմա տեղի են ունենում գործընթացներ, որոնք պետք է դեռ գնահատել։ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով է հաստատել ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքական կամքը։

Անցած տարի հոկտեմբերին Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։

«Կներեք, եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը էդ գաղափարին չի աջակցում, ես տենց հայտարարություն չէի անի», - այսօր ընդգծեց վարչապետը:

Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց՝ այս տարվա մարտին, Եվրախորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Իսկ վերջերս էլ հայաստանյան չորս քաղաքական արտախորհրդարանական ուժեր առաջարկեցին Կառավարությանը Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնել։

«Ընտրությունների կեղծիք» արտահայտությունը պատմական ժանր է այլևս

Ժամանակին Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունն այսօր ընդունեց, որ ամեն ինչ չէ արվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Այդուհանդերձ, թվարկելով վերջին յոթ տարիների ձեռքբերումները՝ վարչապետը շեշտեց՝ «ընտրությունների կեղծիք» արտահայտությունը պատմական ժանր է այլևս, փոխաբերական ձևակերպումներ օգտագործեց մամուլի ազատության մասին խոսելիս. - «Հանրության կողմից ընկալվի ոչ թե որպես ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու»:

Որպես ժողովրդավարական ձեռբերում ընդգծեց՝ տարբեր քաղաքական ուժեր այսօր ազատ են հավաքներ կազմակերպել որտեղ ուզում են՝ ակնարկելով նաև հյուրանոցային դահլիճները։ Գրեթե երկու ամիս է՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բողոքի ակցիաներ, հանրահավաքներ, ասուլիսներ է կազմակերպում տարբեր վայրերում։ Անուններ չնշելով՝ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ 2018-ի հեղափոխությունը ցույց տվեց, որ երբ հանրության ներսում փոփոխությունը հասունացած է, այդ փոփոխությունը տեղի կունենա, այս երևույթը ժողովարդավարության ձեռքբերում որակելով։

«Եվ ես նաև էս վերջերս քաղաքական հանգամանքների բերումով միշտ ասում եմ՝ եթե ժողովուրդը ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ մեկ չի կարող դրա դեմը առնել», - հայտարարեց վարչապետը:

Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների միջև ընդհարման ժամանակ 100-ից ավելի մարդ բերման ենթարկվեց, այդքան մարդ էլ վիրավորվեց։ Մի քանի տասնյակ տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ քննադատեցին իրավապահների գործողությունները, թեև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետը, դրանք շտապեցին համաչափ որակել։

«Բա էս դժվար ժամանակների միջով ո՞նց ենք անցնում և ինչի՞ շնորհիվ ենք անցնում: Իմ համոզմունքը էն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն ժողովրդավարության, որովհետև եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ՝ էսօր մենք Հայաստանի Հանրապետություն որպես անկախ պետություն չէինք ունենա», - ասաց Փաշինյանը:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտն էլ այսօր իր ելույթում հայտարարեց, որ 25 տարիների ընթացքում Հայաստանում շատ զարգացումներ ու առաջընթաց է եղել: Մի քանի ամիս առաջ, սակայն, հենց Freedom House-ն էր իր զեկույցում նշել, որ Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով։

XS
SM
MD
LG