Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին, այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու չորս քաղաքական ուժերի պահանջին։
Հանրաքվե անելու համար նախ պետք է քարոզարշավ անել, ասաց Փաշինյանը, շարունակելով, քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներից հարցեր են հնչելու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզում է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։
«Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ», - հայտարարեց Փաշինյանը պարզաբանելով՝ այսօր Եվրամիությունում էլ են տեղի ունենում պրոցեսներ, և Հայաստանն այդ պրոցեսները պետք է գնահատի։
Իսկ Հայաստանի քաղաքացիների կարծիքը Հայաստանի ԵՄ անդամակցության շուրջ, Փաշինյանն ասաց՝ գիտի, և եթե մտածեր, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ապա Եվրոպական խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն չէր անի։
«Եթե ես էդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի աջակցում այս գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո», - ասաց գործադիրի ղեկավարը։
2023-ի հոկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։
Փաշինյանի հայտարարությունից ամիսներ անց՝ այս տարվա մարտին, Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Փաշինյանն էլ արձագանքեց՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Հայաստանյան 4 քաղաքական ուժեր առաջարկում են Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկանել։