«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը գտնում է, որ ճիշտ չէ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է երեկ հայտարարել, թե հրադադարից հետո՝ 1994-ից սկսած բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։
«Դրա մասին գրվել են գրքեր, նկարվել են ֆիլմեր, էլի կգրվեն ու այդպես դնել, ասել, որ դա է բանակցվել, դա շատ պրիմիտիվ է, դա շատ անհարգալից է մեր բոլոր դիվանագետների հանդեպ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի կարողանան հնարավորը ստանալ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հակոբյանը։
Վերջինս հարցնում է՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դա շրջանառության մեջ դնում այսօր։ «Ես կարծում եմ, որ ինքը վախենում է պատմությունից, հասկանում է, որ պատմությունը կարող է շատ դաժան գնահատականներ տալ, և ինքը փորձում է ռևիզիայի ենթարկել և գրել իր պատմությունը, բայց դա դա չի հաջողվելու», - նկատեց Թաթուլ Հակոբյանը։
Վեց տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարում է վերջին մեկուկես տարում: Մինչ այդ կառավարության ղեկավարը Պրահայում ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո արդեն ուղիղ հայտարարել, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Երեկ Փաշինյանը կրկին նշել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չէր կարող լինել. «Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»։
Ինչ վերաբերում է Արցախի կորստին նախորդած ժամանակահատվածին, ապա հարցին, թե ինչո՞ւ չստացվեց ապահովել, որ արցախահայն իրենց պատմական հողում մնան, ինչի մասին պարբերաբար խոսում էին ԵՄ պաշտոնյաները, Հակոբյանն ասաց. - «Որովհետև Ալիևը հասկացավ, որ կարող է ստանալ դա, և դա արեց, այսինքն՝ հիմա նույն հարցը մենք կարող ենք տալ՝ ինչպե՞ս անենք, որ Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունենա, որն է դրա ճանապարհը, ճանապարհը մեկն է՝ բարձրացնել դրա գինը, այսինքն՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Ալիևի նոր արկածախնդրության դեպքում իր համար ռիսկերը շատ մեծ լինեն, բայց եթե այդ ռիսկերը չլինեն, ինքը կարող է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ ունենալ հավակնություններ, և ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»։
Մանրամասները՝ տեսանյութում.