1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ 1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Գրեթե վեց տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարում է վերջին մեկուկես տարում: Մինչ այդ կառավարության ղեկավարը Պրահայում ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ամիսներ շարունակ իշխանության ներկայացուցիչներն այդ մասին ուղիղ չէին ասում: Այսօր Փաշինյանը կրկին նշել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չէր կարող լինել:
«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար», - Ֆեյսբուքում գրել է նա:
Սուտ է, աղբյուրներով, փաստաթղթերով հերքվել է. ընդդիմադիր պատգամավոր
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի բանակցային գործընթացը խեղաթյուրել, միևնույն է՝ գիտակցում է, որ Արցախի էջը փակված չէ, ուստի շարունակում է մարդկանց համոզել, թե ինքը մեղավոր չէ:
«Սուտ է, աղբյուրներով, փաստաթղթերով հերքվել է», - ասաց նա՝ շարունակելով, - «Որևէ տարբերակ, որը քննարկվել է, դրված է եղել սեղանին, սկսած 91 թվականի Ժելեզնովոդսկից, շատ ավելի լավ է եղել, քան թե այն վիճակը, որ մենք ունենք այսօր։ Դա ինքը պետք է ֆիքսի։ Ինքը գիտակցում է, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Էթնիկ զտումը ցեղասպանության տեսակներից մեկն է։ Այնտեղ եղել է ցեղասպանություն, և ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, պարտավոր էր դա կանխել, ինքը քայլ չի արել, հետևաբար ինքը պատասխանատվություն պետք է կրի իր անգործության համար»։
Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը, իսկ անցած տարի սեպտեմբերին Արցախի նկատմամբ երկրորդ լայնածավալ հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց և ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսօրվա գրառմամբ վարչապետ Փաշինյանը պնդում է, թե ինքն այս տարիներին ընդամենը մի սխալ է թույլ տվել՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթացել է, բայց հայրենասիրությունն իրեն թույլ չի տվել՝ նախ ինքն իրեն, հետո ժողովրդին խոստովանի, որ Լեռնային Ղարաբաղն Ադբեջանի կազմից դուրս չի կարող լինել:
«Եթե ինքը գիտակցել է, որ վիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է, անընդհատ հղում են կատարում Սերժ Սարգսյանի ինչ-որ ելույթի, այդ դեպքում իր քաղաքականությամբ ինչո՞ւ էր պատերազմը մոտեցնում։ Ինքը մոտեցրել է պատերազմը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «նոր պատերազմ նոր տարածքների համար», ցուցադրական կերպով երրորդ հարավային ճանապարհի կառուցումը…», - նշեց Արթուր Խաչատրյանը։
Եթե այսօր վարչապետը պնդում է, թե 2018 -ի բանակցություններից չի խոսել հայրենասիրությունից ելնելով, ապա 2020-ի պատերազմից անմիջապես հետո, ասում էր, թե ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ արձանագրել է՝ պատերազմը կարող էր կանխել, եթե վերադարձներ 7 շրջաններն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին:
Լրացվում է