Մատչելիության հղումներ

Փաշինյան. Հայաստանում զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում զորակոչի ենթակա երիտասարդների կեսից քիչն է զորակոչվում բանակ, Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի տոնական միջոցառման ժամանակ երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում՝ երկրի ղեկավարը միայն ենթադրության մակարդակում հնարավոր երկու պատճառ նշեց. ըստ Փաշինյանի՝ կամ սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, «որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ»:

«Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը», - հայտարարեց պետության ղեկավարը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցում սուր է իրավապահ համակարգի արդյունավետության հարցը։ Վարչապետը համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում. - «Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը»:

Զորակոչիկների թիվը Փաշինյանն իր ելույթում չնշեց: Ընդհանրապես, պետությունը նման վիճակագրություն չի հրապարակում։ Մինչդեռ ամիսներ առաջ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե ինը տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է. - «Այսինքն՝ 44 հազարից դառել է 24 հազար»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը կոնկրետ թվեր էր հրապարակել, պնդել, թե այդ տվյալները պետական գաղտնիք չեն:

Հայկ Սարգսյանը նաև հայտնել էր, թե 2003 թվականից 2019 թվականներին բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի:

Եթե հիմնավոր է վարչապետի մատնանշած պատճառներից մեկը, թե առողջական լուրջ խնդիրներ ունեն զորակոչիկների կեսից ավելին, ապա դա նշանակում է` պետությունն իր պարտավորությունը չի կատարում, պնդում է բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Արթուր Սաքունցը. - «Պետք է անվճար բժշկական սպասարկում ապահովվի նախազորակոչային տարիքի երիտասարդների առողջական խնդիրը լուծելու համար»:

«Եթե հիմա պնդում է արվում, որ կեսը, դուրս է գալիս, հիվանդ է, ապա ես ասում եմ, որ այո, կեսը հիվանդ են, չէ՞: Բայց, կներեք, դրա համար որպեսզի նման պնդում անել, պետք է ունենալ, նախ, իրական պատկերը՝ Առողջապահության նախարարությունից, և երկրորդը՝ ուսումնասիրել և կամ քննության առարկա դարձնել, թե ինչով է պայմանավորված, որ պետությունը իր պարտավորությունը, այսինքն՝ առողջական խնդիրների լուծման հետ կապված չի կատարում, որ կեսը հիվանդ են, առողջական խնդիրներ ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Զորակոչիկների բուժզննման գործընթացում, ըստ իրավապաշտպանի, կոռուպցիոն ռիսկ կա։ Իսկ դա հնարավոր է լուծել լրացուցիչ փորձաքննություններով. - «Այն բոլոր որոշումները, որոնք վերաբերում են առողջական խնդիրների հիմքով տարկետում տրամադրելուն, կամ զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու հետ կապված, կարելի է լրացուցիչ ուսումնասիրել»:

Արթուր Սաքունցը կարծում է, որ կոռուպցիայի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների գործառույթը պետք է վերջին գործիքը լինի, դա կանխել է պետք մինչև իրավապահներին հասնելը։

«Պետք է հասնել նրան, որ մինչ այդ արդեն ռիսկային պատճառները, որոնց հետևանքով նման կոռուպցիոն գործողությունների համար պարարտ հող է ստեղծվում, դրա՛նց ուղղությամբ ջանքեր գործադրել, որպեսզի չընկնենք, ասենք թե, հանցավոր համաձայնության եկողներին բացահայտելու առումով», - ընդգծեց իրավապաշտպանը:

Արդյոք վարչապետի երեկվա հայտարարությամբ զբաղվո՞ւմ են իրավապահները։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ այն այս պահին ուսումնասիրության առարկա չէ։ Գերատեսչությունից նաև գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք, թե 2018-ից սկսած քանի՞ քրեական գործ է հարուցվել զորակոչիկների բուժզննմանն առնչվող հարցերով, քանի՞ մեղադրյալ կա ու քանի՞ ազատազրկված։ Դատախազությունից դեռ չեն արձագանքել։

XS
SM
MD
LG