Մատչելիության հղումներ

ՊՆ-ը ծրագրում է մինչև 2027-ի վերջը կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև 2027 թվականը կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ պայմանագրայինների թիվն ավելացնելու միջոցով։ Այս մասին գրել են բանակի կերպափոխման հայեցակարգում, որ ստացել է Անվտանգության խորհրդի հավանությունը։

«Դրա մեջ ավելի շատ տեսնում եմ նախընտրական տրամաբանություն, որովհետև դա, հասկանալի է, բավականին զգայուն հարց է և հասարակության շատ մեծ խմբերի վրա կարող է տարածվել, և ընտրական գործընթացներում իշխանությունը ինչպես 21-ին էր, այնպես էլ հաջորդ ցիկլին, պայմանական՝ 26-ին, փորձի օգտագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանը զինծառայության ժամկետի կրճատումն անհնար է համարում, հակառակը՝ ասում է՝ զինուժը համալրման կարիք ունի։ Հայեցակարգում ասված է՝ պարտադիրից պայմանագրայինին անցման մեխանիզմն ապահովվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով. վեց ամսվա ծառայողը կարող է այս ծրագիրն ընտրել ու հինգ տարով պայմանագրային դառնալ՝ աշխատավարձով ու պատվովճարով։

Ըստ Աբրահամյանի՝ գործող ծրագրերով այդ հարցը չի լուծվի. - «Չես կարող հենց այնպես ուղղակի փողոցից մարդ բերել Զինված ուժեր, և յուրաքանչյուրին չէ, որ ըստ մասնագիտության ուղղությունների կարելի է դարձնել հետագայում մասնագետներ տարբեր զորատեսակներում»:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը, և մենք հասել ենք նույնիսկ նրան, որ սա դարձել է արդեն, շահագրգռվածության մակարդակը էնքան է բարձրացել, որ մարդիկ փորձում են միջնորդություններով իրենց տարբեր խնդիրներ ունեցող զինվոր զավակների՝ այս կարևոր ծրագրից օգտվելու հնարավորության հասնել», - երկու շաբաթ առաջ հայտարարում էր պաշտպանության նախարարը:

Բյուջեի քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանը խորհրդարանական ամբիոնից խոսում էր պայմանագրային զինծառայության գրավչության ու նաև ատեստավորման միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորության մասին. - «Ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար հավելավճարից՝ մինիմում, մինչև 470 հազար դրամ հավելավճար»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ զինծառայողներից քչերն են աշխատավարձային ցանկալի թվերի հասնում. - «53 տոկոսն են միայն կարողանում հաղթահարել և ստանալ 3, 4 կամ 5 գնահատական: Բնականաբար, գերակշիռ մասը այստեղ 3 գնահատականն է: Զինված ուժերի մոտ կեսը, կամ մասնակիցների, չի հանձնում, այսինքն՝ էդ մարդկանց վրա չի տարածվում էդ աշխատավարձի բարձրացումը»:

«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը շատ հավակնոտ է համարում մինչև 27 թիվը ժամկետ կրճատելու իշխանության խոստումը։ «Լավ իմաստով կզարմանամ, եթե ստացվի», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Այդ երկու տարին միայն կես տարով կրճատելու համար 6 հազար 500 պայմանագրայինի կարիք կլինի, հաշվել է. - «Եթե երկու անգամ ենք ուզում իջեցնենք՝ մի տարի դարձնենք, ուրեմն՝ 12 հազար հոգի պետք է մենք պայմանագրային զինծառայող կարողանանք գտնել: Ես չեմ ասում, որ դա անհնարին է, բայց դա շատ ահռելի աշխատանք է»:

Փաստաթղթում գրված չէ, թե երբ, քանի ամսով են կրճատելու, միայն 27 թիվն է ֆիքսված։

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մի վարկած էլ ունի. - «Միգուցե որոշակի ազդակ է նաև Ադրբեջանին՝ Ադրբեջանից իջեցվող նախապայմանի շրջանակներում. խոսքը ապառազմականացման մասին է, որովհետև ապառազմականացումը ենթադրում է զինտեխնիկայի, սպառազինության և այդ թվում նաև անձնակազմի էական կրճատումներ»:

Գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանն այդքան էլ հոռետես չէ, կերպափոխման այս պլանը շատ կարևոր է համարում, բայց՝ անտեսված: «Ինձ թվում էր, որ բացի ինձնից ոչ մեկին չի հետաքրքրում էդ բավականին կարևոր փաստաթուղթը», - նշեց նա:

Հատկապես կարևոր է համարում փաստաթղթի այն շեշտադրումը, որ խորհրդային բանակաշինության մոդելը սպառել է իրեն, նաև թվային կառավարման անցնելու ծրագրերն է համարում կարևոր և ոչ հեռավոր ապագայի հարց։

Պատգամավոր Աբրահամյանը վերապահում ունի նաև պետական սահմանի պահպանության դրվագով: Ըստ փաստաթղթի՝ այս գործառույթը պիտի փուլային եղանակով սահմանապահներին փոխանցվի, այդքան սահմանապահներ կա՞ն, հարցնում է նա:

«Այնպես չէ, որ սահմանապահ հիմա պատրաստ լինի մեծ թվով համալրված և ուսուցանված անձնակազմ, դա մեծ աշխատանք է և դա էլ ենթադրում է մարդկային ռեսուրսի ներգրավում, ուսուցում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

«Նույն ԱԱԾ-ն պետք է 5 հազար, 6 հազար, ավել անձնակազմ կարողանա հավաքի: Դա ինձ չի թվում շատ արագ իրականանալու է», - իր հերթին, ասաց Լեոնիդ Ներսիսյանը:

Սահմանազատված հատվածներում կտեղակայվեն սահմանապահները, ենթադրում է Ներսիսյանը, շեշտում՝ եթե լինի այնպես, ինչպես եղել է, այսինքն՝ մեկ տարում սահմանազատվի մի քանի կիլոմետր, ուրեմն սահմանապահ անձնակազմ կհասցնեն ձևավորել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG