Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի


Եվրոպական հանձնաժողովը 15 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ի սոցիալ-տնտեսական դիմակայությանը, համաձայնագիրն այսօր հաստատվեց կառավարության նիստում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, մասնավորապես, նախատեսվում է միանվագ դրամական օգնության աջակցություն ժամանակավոր կացարանների, կոմունալ ծախսերի համար։

Արցախում 2023-ի սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է ԵՄ-ին վերաբերվող մեկ այլ նախագիծ, որի միջոցով կհատկացվի 3 միլիոն եվրո՝ Հայաստանի կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացին աջակցելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահնաված անձանց սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում։

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպման այս տարվա ապրիլին Երևանում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել Հայաստանի կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան համոզմունք էր հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG