Մատչելիության հղումներ

Իշխանությունը վաղվա հանրահավաքին ընդառաջ զգուշացնում է՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, արխիվ

Իշխանությունը վաղը Բաղրամյան պողոտայում նախատեսված Բագրատ Սրբազանի հանրահավաքին ընդառաջ ընդդիմությանը զգուշացնում է՝ չգնալ սադրանքների։ Այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վաղվան ընդառաջ զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։

«Քանի որ վաղն ամսի 12-ն է, մեր հարգարժան հոգևորականը օրակարգ հայտարարեց, որ վաղը ժամը 3-ին շատ անակնկալ ու ծանր գործողությունների է տանելու մեր ժողովրդին, բանակը, ոստիկանությունը պետք է մեր ներքին կարգ ու կանոնին հետևի ու հասարակական կարգին, որին դուք դեմ եք, որը վաղը ձեզ խանգարելու է: Շենքում բացի արտաքին պաշտպանությունից կա նաև ներքին պաշտպանություն», - նշեց Քոչարյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը չսադրել ոստիկաններին, նշելով, թե իր համոզմամբ Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։

«Որպես Ազգային ժողովի նախագահ ես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորները կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն այդ միջոցով սադրել մեր ոստիկաններին, որևիցե պատգամավորի արգելված չէ մտնել իր աշխատավայրը, ուստի կրկնում եմ, հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք սադրանքներից և մի տրվեք այն բոլոր ստերին, որ ասում են, հրահրում են, ոգևորում են, որպեսզի իրենք իրենց մանդատներով պաշտպանված ձեզ տանեն և ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ», - ասաց Սիմոնյանը:

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանն էլ մեղադրեց շարժմանն աջակցողներին, այդ թվում՝ ընդդիմադիր որոշ պատգամավորների՝ ժողովրդին բախման տանելու համար։

«Այստեղ նստած մեր գործընկերներից շատերը բախում են ուզում, բայց այդ բախումը չեն ուզում այստեղ մեր մեջ, այդ բախումն ուզում են ժողովրդի ու ոստիկանության մեջ, իրենք ուզում են ժողովրդի ձեռքով իրավիճակը սրել, տանել բախման», - հայտարարեց Հակոբյանը:

Իշխանական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազայանն էլ կոչով դիմեց քաղաքացիներին՝ սև ուժերին գոնե վաղը չաջակցել. - «Ովքեր դժգոհ են մեզանից թող 1-2 օրով հետաձգեն հայրենիքի փրկության օրը, վաղը սև ուժերին հնարավորություն չտան իրականացնելու իրենց առջև դրված չար նպատակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG