Որևէ բանի մասին լիարժեք վստահություն հնարավոր չէ ունենալ, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե վստահություն կա՞, որ Բաքուն բացի սահմանային հատվածը, առհասարակ պահանջելու է, որ ԵՄ դիտորդները հեռանան Հայաստանից։
«Որևէ բանի մասին լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե մենք խոսում ենք երրորդ երկրների ուժերի մասին, արդյոք դիտորդները հանդիսանում են ուժ», - նշեց փոխարտգործնախարարը։
Հարցին այդ դեպքում՝ ինչպե՞ս են բանակցել, որ այդպիսի ձևակերպում կա փաստաթղթում և վերաբերում է հենց դիտորդներին, փոխարտգործնախարարը պատասխանեց, թե հակասություն չկա։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը համաձայնեցվեց, երբ Երևանը ընդունեց չհամաձայնեցված երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները: Դրանցից մեկը վերաբերում էր միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելուն, մյուսը՝ սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն:
Չնայած Հայաստանն Ադրբեջանին առաջարկում էր ԵՄ դիտորդներին հանել միայն սահմանազատված հատվածներից, իսկ ամբողջությամբ միայն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատումից հետո, սակայն օրեր առաջ, «Ազատության» հարցին ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։
Փաշինյանը պարզաբանել էր՝ Երևանն ոչ թե իր դիրքրոշումն է փոխել, այլ փոխել է ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում։
Վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում էլ ասաց, որ, «երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կա՛մ նեղություն չտալ, կա՛մ ավելի պակաս նեղություն տալ»։