Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։
«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», - կիրակի օրը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, պատշգամբից ողջունելով հավաքվածներին, ասել է Պապը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։
«Թող սա հույսի նշույլ լինի, որ մյուս հակամարտությունները ևս կարող են լուծվել երկխոսության միջոցով», - իր ուղերձում ասել է Պապը՝ շարունակելով․ - «Եկեք միասին աղոթենք պատերազմների ավարտի և խաղաղության համար, մասնավորապես, Ուկրաինայում, Պաղեստինում, Իսրայելում, Լիբանանում, Մյանմայում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում»:
88-ամյա Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում էր հայտնվել փետրվարի 14-ին ծանր շնչառական վարակով, որը նրա գործունեության 12 տարիների ընթացքում առողջության համար ամենալուրջ բարդությունն էր:
Բժիշկները շաբաթ օրը հայտարարել են, որ դեռ «երկար ժամանակ» կպահանջվի լիարժեք ապաքինման համար: Նրանք Հռոմի պապին նշանակել են ևս երկու ամիս հանգիստ Վատիկանում: