Մատչելիության հղումներ

Բաքուն դեռ չի արձագանքել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու Երևանի պատրաստակամությանը


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, արխիվ

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից տասն օր անց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Բաքուն չի արձագանքել բանակցված փաստաթուղթը ստորագրելու հայկական կողմ պատրաստակամությանը: Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, սակայն, ստեղծված իրավիճակը փակուղային չորակեց:

«Ցավոք, անցյալից էլ պետք է ասեմ՝ միշտ էլ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր 2 քայլ հետ և այլն: Հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները, այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք: Սակայն հայտարարությունները նոր են արվել, անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ, շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ», - նշեց փոխարտգործնախարարը:

Ավելի քան երկու տարի բանակցված փաստաթուղթը կողմերը համաձայնեցրին, երբ Երևանը որոշեց ընդունել երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները: Դրանցից մեկը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայելու մասին է, մյուսը՝ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու:

Մինչ Հայաստանից ամենաբարձր մակարդակով գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամությունից, Բաքուն նախքան այդ պարտադիր է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը: Վերջին տասն օրերին Երևանին նաև մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու համար: Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը պատրաստ Երևանում պաշտոնյաներն ընդունում են՝ Բաքվի գործելաոճը չի փոխում:

«Հիմա ունենք շատ կարևոր գործիք՝ դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում ու միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի», - ասաց Հովհաննիսյանը:

Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը հունվարի վերջին երկարաձգվեց ևս երկու տարով: Առաքելության տեղակայումից ի վեր Ադրբեջանից մշտապես դժգոհել է նրանց ներկայությունից, հարցը դարձրել նաև բանակցությունների առարկա՝ պահանջելով հեռացնել դիտորդներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես փոխզիջումային լուծում առաջարկում էր նրանց հանել նախ սահմանազատված հատվածներից, Բաքուն չընդունեց: Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ չեն լինի: Պարույր Հովհաննիսյանն այսօր նշեց՝ այդ դեպքում Եվրամիության հետ կքննարկեն դիտորդների նոր մանդատի հարցը:

«Պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով, մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը՝ և՛ Երևանի, և՛ Բաքվի, նաև տարբեր շրջաններում խաղաղության նպաստմանը: Կարծում եմ՝ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում, կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք», - նշեց փոխնախարարը:

Համաձայնեցված փաստաթուղթը մինչ այժմ հրապարակված չէ, իշխանականների փոխանցմամբ՝ տեքստում նշված է, թե կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։ Հայկական կողմը վստահություն ունի՞, որ Բաքուն չի պահանջի նրանց Հայաստանից առհասարակ հեռացնել: Արտգործնախարարության պաշտոնյան նման սցենարն, ըստ էության, չբացառեց:

«Այժմ ոչ մի բանի մեջ լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե մենք խոսում ենք, երրորդ կողմերի ուժերի մասին, արդյոք եվրոպացի դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ, սա դիտորդական առաքելություն է: Տրամաբանությունը հուշում է, որ չպիտի լինեն նման պահանջներ, բայց վստահ լինելու մասին շատ բարդ է ասել», - ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Բաքվի նախապայմաններին, ապա այդ հարցերում էլ Երևանից լուծումներ են առաջարկում, օրինակ, երկու երկրներն իրենց Սահմանադրություններն ուղարկեն Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, որ պարզեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջների հարցը: Երևանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն է պատրաստ, իսկ դա կանե՞ն մինչ պայմանագրի ստորագրումը, փոխնախարարն այսօր ասաց՝ «Երևանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ»:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG