«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կուսակցություն են հիմնում, 2026-ի խորհրդարանական ընտրություններին կպայքարեն իշխանության համար:
«Հավակնությունների աստիճանը պայմանավորված է նրանով, թե ժողովուրդն ինչ գնահատական կտա, ինչ մոտեցում կցուցաբերի այն ծրագրերին, արժեհամակարգին, որոնք մենք ներկայացնելու ենք։ Մեր ամբիցիաներն այնքան են, ինչքան որ թույլ են տալիս կուսակցությունների գործունեությունը, օրենքները և Սահմանադրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Կուսակցություն հիմնելու մասին Աղազարյանը հայտնեց երեկ Ֆեյսբուքում առանց շատ մանրամասների: Միայն անվանումն էր նշել՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ): «Ազատությանն» այսօր ասաց՝ այսօր նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ են անցկացնելու, անվանումը հնարավոր է՝ փոխեն: Կարծում է՝ ՔՊ-ից հեռացվելուց հետո ինքն ու Ասլանյանը դեռ կարող են օգտակար լինել պետությանը՝ իրենց գիտելիքներով և փորձով:
Հովիկ Աղազարյանը «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ է, կենսագրության մեջ այդպես է նշված, իսկ Հակոբ Ասլանյանը իշխող ուժին միացել է ավելի ուշ՝ 2016-ին: Թե՛ Աղազարյանը, թե՛ Ասլանյանը պաշտպանել են ՔՊ-ի քաղաքականությունը բոլոր կարևոր հարցերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի:
Աղազարյանն ու Ասլանյանը խոստանում են նոր շունչ հաղորդել կոռուպցիայի դեմ պայքարին
Հարցին, թե ինչո՞վ է իրենց կուսակցությունը տարբերվելու իշխող ուժից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. - «Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, օրինակ, առանցքային հարց է կոռուպցիայի դեմ պայքարի ձևը, հենքերի հետ կապված»։
Նախկին ՔՊ-ական Աղազարյանին առնչվող քրեական գործերից երկուսը հենց կոռուպցիոն բնույթի են, մեկը՝ հովանավորչության փորձի, մյուսն էլ՝ կաշառք պահանջելու դրվագներով: Աղազարյանն ու Ասլանյանը խոստանում են նոր շունչ հաղորդել կոռուպցիայի դեմ պայքարին: Բայց միայն սրանով չեն սահմանափակվի՝ աշխատելու են նաև սփյուռքը համախմբելու ուղղությամբ:
«Սփյուռքի հետ շփումների պարագայում առաջարկում ենք երկպալատանի խորհրդարանական համակարգ Հայաստանում», - նկատեց նա։
Արտաքին քաղաքական հարցերում Աղազարյանի նոր կուսակցությունը նախկինից գրեթե չի տարբերվի: Մի հարց կա, որի շուրջ պատգամավորներ Աղազարյանի ու Ասլանյանի մոտեցումները նույնը չեն։
«Օրինակ՝ ես ավելի շատ տարածքային ինտեգրացիոն մոդելի կողմնակից եմ, պարոն Ասլանյանը մի քիչ ուրիշ կարծիքի է։ ՀՀ-ն, ես գտնում եմ, որ չի կարող արտաքին հարաբերությունների որևէ դրսևորում ունենալ, ինչը չպետք է հաշվի առնի Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի այսպես կոչված՝ շահերը», - ասաց Աղազարյանը։
Իսկ թե ովքեր և ինչու պետք է միանան նախկին ՔՊ-ականներին, կունենա՞ն արդյոք լայն աջակցություն, պատգամավորն ասաց. - «Արկածախնդիր ենք հա՞, հելել ենք, երկու հոգով բան ե՞նք անում։ Լայն կոնսոլիդացիա, իհարկե, կունենանք, բայց ինչքանով կարող ենք ներկայանալ և այդ կոնսոլիդացիայի «ջերմաստիճանը» տարածենք ժողովրդի մեջ, արդեն ուրիշ խնդիր է»։
Հովիկ Աղազարյանը վաղ է համարում խոսել, թե ինչպիսի ընդդիմություն կլինեն իշխանությանը՝ կառուցողական, թե ռադիկալ։
Մեկ ամիս էլ չկա, որ ՔՊ-ն իր շարքերից հեռացրեց նախ Հովիկ Աղազարյանին, նրան սատարելու համար նաև Հակոբ Ասլանյանին: Պատգամավոր Աղազարյանին վարչապետ Փաշինյանը հաղորդագրութուն էր ուղարկել՝ մանդատը վայր դնելու հորդորով, բայց մերժում էր ստացել, հետո իրավապահները, որ առգրավվել էին Աղազարյանի հեռախոսը, մի քրեական գործի շրջանակում, իրենց հասանելի ողջ ինֆորմացիան, այդ թվում՝ անձնական, փոխանցել էին վարչապետին, ինչպես վստահեցնում են իշխանականները՝ բոլորովին օրինական ճանապարհով: Փաշինյանն ու թիմակիցները կարդացել էին Աղազարյանի նամակները, նրան մեղադրել մամուլին պետական նշանակության տեղեկատվություն հայտնելու համար: Արդեն երկու շաբաթ է՝ քրեական գործ կա հարուցված՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Մինչ օրս իրավապահները Աղազարյանին չեն հարցաքննել: