Մատչելիության հղումներ

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթ չի հարուցվել

Լրացված

Հովիկ Աղազարյանը, արխիվ
Հովիկ Աղազարյանը, արխիվ

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավորի փաստաբանի դիմումը։

Կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե Աղազարյանի փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված նախնական իրավական գնահատական»։

Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։

«Հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ոնց չկա հիմք», - նշեց նա։

Փաստաբան Հակոբ Ճարոյանը 10-ն օր առաջ էր դիմել գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել պատգամավոր Աղազարյանի հեռախոսում առկա անձնական տեղեկությունները հրապարակելու համար: Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմինն առգրավել էր Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով, որից հետո նրա հեռախոսի պարունակությունը, Հակակոռուպցիոն կոմիտեից, հասել էր ԱԱԾ, հետո էլ վարչապետին ու ՔՊ-ականներին:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի՝ վարույթ չհարուցելու որոշումից մոտ 2 շաբաթ առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում արդեն պնդել էր՝ Աղազարյանի հեռախոսի անձնական նամակագրությանը ծանոթացել են օրենքի շրջանակներում։

«Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից ու անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով բոլոր թույլտվություններն ունենալով, բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չէ ու երբ այդ մարմինը հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ ու այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էի իր գործառույթների շրջանակում պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում Հայաստանի վարչապետին», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունից մոտ 10-ն օր անց Հակակոռուպցիոն կոմիտեն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ հարուցեց։

Ոչխարների՞ գործով, թե՞ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածով Գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան

Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Հովիկ Աղազարյանի հեռախոսում հայտնաբերվել են պետական անվտանգության և հակահետախուզական սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, ի վերջո, գլխավոր դատախազը կմտնի՞ խորհրդարան, Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։

ՔՊ -ն Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց նաև այդ մեղադրանքով՝ պետական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի հիմնավորմամբ։

Փաստաբանն ավելի հավանական է համարում, որ դատախազը հաջորդ տարի խորհրդարան կգա ոչխարների՝ մանր եղջերավորների գործով, քանի որ, ըստ նրա, պետական գաղտնիքի մասով Աղազարյանի մեղադրանքը հիմնավորելու հետ կապված լուրջ խնդիրներ կունենա. - «Պետական գաղտնիք չկա, չի էլ կարող լինել»:

Հակոբ Ճարոյանն ասում է, թե պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով Աղազարյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի ընթացքի մասին ոչ մի նորություն չունեն։ Հովիկ Աղազարյանի հետ էլ որևէ գործողություն չի իրականացվել։ Մինչդեռ գործի շրջանակներում պետք է բազմաթիվ հարցաքննությունն իրականացվեն, որպեսզի պարզվի՝ այդ ի՞նչ պետական գաղտնիքի մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները։

«Պետք է քննեն վարչապետին, պետք է քննեն ՔՊ վարչության անդամներին», - նշեց փաստաբանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «գուցե այս գործով վարչապետին հարցաքննել են, տեղյակ չե՞ք», Ճարոյանը պատասխանեց. - «Բնականաբար, տեղյակ չեմ, բայց իմ կարծիքով, այսօրվա իշխանության պայմաններում չենք էլ հարցաքննի»:

Ի դեպ, պատգամավոր Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանն առաջիկայում նոր հաղորդում կներկայացնի Գլխավոր դատախազություն, այս անգամ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ շորթման և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։

Փաստաբանն ասում է, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների ներկրման գործը ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրահանգման, որ նախկին պաշտոնյաները շորթում են իրականցրել՝ ստիպելով ավտոներկրողներին հրաժարվել այն գումարներից, որոնք պետք է ստանային։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG