Մատչելիության հղումներ

«Աստված չանի՝ իմանաք». Աղազարյանն ասում է՝ տեղի ունեցողը միայն մանդատի պատճառով չէ


Պատգամավոր Հովիկ Աղազարյանը համոզված է՝ իրավապահներին չի հաջողվի ապացուցել մի բան, որն ուղղակի գոյություն չունի, ինքը թիմին չի դավաճանել և կուսակցության փակ նիստերից կանոնավոր կերպով ինֆորմացիայի արտահոսք չի կազմակերպել:

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց՝ Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը կտրուկ հերքում է, թե ինքը տիրապետել է պետական գաղտնիքի: Իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներում չի բացառում՝ գուցե հայտնած լինի մի բան, որը պետք չէր ասել:

ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում չասաց՝ ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է վարչապետը թիմակիցներին պետական գաղտնիք հայտնել: Եվ եթե մամուլում այդպիսի նյութեր են հայտնվել՝ ինչո՞ւ մինչ Աղազարյանի հեռախոսի բովանդակությանը ծանոթանալը իշխանականները չեն դիմել իրավապահներին պետական գաղտնիքի արտահոսքը կանխելու համար: Փոխարենը Ալեքսանյանը ներկայացրեց, թե այս պատմության մեջ ինչն է առավել խնդրահարույց:

«Կառավարող խմբակցությունից եղել է ընդդիմադիր մամուլի արտահոսք տվող անձնավորություն, Ազգային ժողովի պատգամավոր, միանշանակ է, որ խնդրահարույց է: Եկեք արձանագրենք, որ եթե ընդդիմադիր խմբակցությունում գտնվի պատգամավոր, որ պրոիշխանական ինչ-որ թերթի կտա արտահոսք, դա էլ է հավասարաչափ խնդիր», - ասաց Ալեքսանյանը:

Հովիկ Աղազարյանն, իր բնորոշմամբ, սարսափելի իրավիճակում է հայտնվել վարչապետի հաղորդագրությունը ստանալուց և նրան մերժելուց հետո: Պաշտոնից հեռանալու հաղորդագրություն գործադիրի ղեկավարն ուղարկել էր ոչ միայն իր կաբինետի, այլ նաև իշխանության մյուս՝ օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներին: Միակը, որ մերժեց Փաշինյանին, Աղազարյանն էր:

Դրան հաջորդող օրերին Քննչականի նախկին պետ Արգիշտի Քյարամյանին և Աղազարյանին առնչվող քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեում առգրավեցին պատգամավորի հեռախոսը: Իրավապահների տիրապետած ինֆորմացիան ի վերջո հասավ վարչապետին և մյուս ՔՊ-ականներին: Նամակներն ընթերցելուց հետո իշխանականները պնդում են, թե Աղազարյանը պետական գաղտնիք է փոխանցել մամուլին: Պատգամավորն ասում է՝ հերթական քրեական գործն էլ չի ստիպի մանդատը վայր դնել. - «Ես մանդատից չեմ հրաժարվի, ինձ կարան մանդատից զրկեն օրենքով սահմանված կարգով, դա ուրիշ հարց է»:

Որ Հովիկ Աղազարյանը մանդատից կզրկվի, վարչապետ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից է հայտարարել, վստահեցրել՝ անհրաժեշտ լծակներն էլ կգտնեն: Օրենքով պատգամավորը մանդատից կարող է զրկվել միայն այն դեպքում, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի մեղադրական վճիռ: Աղազարյանն այսօր ակնարկեց, թե այս ամբողջ պատմությունը միայն իր մանդատի պատճառով չէ:

«Ուրիշ խնդիրներ կան, եթե ինչ-որ մեկին թվում է, թե այս ամեն ինչը Քյարամյանով պայմանավորված ինչ-որ գործընթաց էր, դա թյուրըմբռնում է: Խնդիրներն ավելի խորքային են ու ավելի վտանգավոր: Պետք է այդքան չպարզունականացնել մանդատը վայր դնելը», - ասաց նա:

Բացի պատգամավորի մանդատի շուրջ զարգացումներից և նրան ուղղված ՔՊ-ականների մեղադրանքներից, ուրիշ ի՞նչ խնդիր ունի Աղազարյանը նախկին թիմակիցների հետ: «Աստված չանի՝ իմանաք, ես կուզեի, որ չիմանաք, էն անհանգստությունները, որ ես ունեմ, որոնց մասին չեմ կարող խոսել, Աստված չանի, որ իրականան», - պատասխանեց նա:

Թե ինչն է անհանգստացրել Հովիկ Աղազարյանին և ինչու նա այդ մասին չի խոսել նախկինում, պատգամավորը չբացատրեց: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, վարչության այսօրվա նիստում գուցե կուսակցությունից հեռացնի Աղազարյանին աջակցած միակ ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին։ Նրան խմբակցությունից արդեն հանել են:

XS
SM
MD
LG