gg ընկերության սեփականատիրոջ, ապա նրան արձագանքած վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառումներից հետո Քննչականը խուզարկություններ սկսեց ընդդիմադիր շարժմանն աջակցող ընկերության ղեկավարների տներում ու gg-ի գլխամասում։
Ընդ որում, քննչական այս գործողությունները սկսեցին մի քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է դեռ մեկ տարի առաջ։ Ինչո՞ւ հենց հիմա, Քննչականից արձագանքեցին՝ անհրաժեշտությունն առաջացել է հիմա, մինչև դա էլ են քննչական գործողություններ իրականացրել։
«Սրանով մի քանի խնդիր են լուծում, վրեժխնդիր են լինում և կանխարգելիչ գործունեություն են ծավալում, որ հաջորդիվ մյուս հաջողված գործարարները չհամարձակվեն իրենց աջակցությունը հայտնեն և լինեն իշխանահաճո դաշտում», - հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Դեռ անցած տարվա մայիսին հարուցված քրեական գործը հարկեր չվճարելու և փողերի լվացում հոդվածներով է, սեփականատեր Խաչատուր Գրիգորյանն այս պահին ձերբակալված չէ, նրան մեղադրանք ներկայացված չէ։
Գրիգորյանի հետ կապ հաստատել «Ազատության»-ը չի հաջողվում։
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Գրիգորյանը հունիսի 12-ի հանրահավաքի օրը Ֆեյսբուքում գրել էր. - «եթե դու ՀԱՅ ԵՍ, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ քո տեղը ԲԱՂՐԱՄՅԱՆԻ վրա է !!!»։
Գրիգորյանին պատասխան գրառմամբ արձագանքել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը. Արայիկ Հարությունյանն անընդունելի, կտրուկ ու վիրավորական էր որակել գործարարի գրառումը։
«Հուսով եմ, որ բիզնեսն այս խառնակ շարժումից հետո կհասկանա, որ նման արտահայտությունները միայն վնաս են հասցնում գործին ու որևէ հավելյալ արժեք չեն ստեղծում մեր հանրության մեջ», - գրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու հույս հայտնել, որ հետևություններ կարվեն։
Այս գրառմանը հետևել էին բազմաթիվ մեկնաբանություններ gg-ն բոյկոտելու մասին։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը պնդում է՝ այսօրվա խուզարկությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառման շարունակությունն են, բռնաճնշումների օրինակ, հակառակ դեպքում ինչո՞ւ դեռ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի մասին նոր հիշեցին։
«Անկեղծ ասած, ես օբյեկտիվ քննության չեմ սպասում, եթե կա քաղաքական գործոն, եթե կա քաղաքականությամբ հետաքրքրված անձ, մենք տեսնում ենք օր օրի ահագնացող խտրական արդարադատություն», - ասաց փաստաբանը։
gg-ի գրասենյակ «Ազատության» այցի պահին ասացին՝ սեփականատերը տեղում չէ։
Սերգեյ Հարությունյանը փոխանցեց, որ քննիչներն առգրավել են որոշմամբ նախատեսվածից ավելի շատ համակարգիչ, որոնց բացակայության դեպքում օնլայն տաքսի ծառայությունը պարզապես չի կարող շարունակել աշխատանքը։
«Գրասենյակում առկա գրեթե բոլոր համակարգիչները տարվում են», - ասաց փաստաբանը։
Մինչ Քննչական կոմիտեն պնդում է՝ իրենց գործողություններն իրավական են, ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հակադարձում է՝ իշխանությունը փորձում է ահաբեկել շարժման աջակիցներին։
«Իրենք նաև այս օրերին փորձում են ահաբեկել տարաբնույթ կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների, որոնք այս ամբողջ ժամանակ ճշմարտության այս պայքարի շարժման մեջ են եղել ներգրավված՝ միայն սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի, որ մարդը հավատում է ճշմարտությանը, մարդը հավատում է հաշտության օրակարգին և մարդը հավատում է, որ այս ճանապարհով այս ապօրինության, հանցագործության, հակասահմանադրական ճանապարհով մեր երկիրը երկար կյանք չունի», - ասաց Գալստանյանը։
gg տաքսին գործում է արդեն 10 տարի։