Մատչելիության հղումներ

Մեկնարկեց հունիսի 12-ի գործով դատավարությունը


Մեկնարկել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով դատավարությունը: Նիստին ներկա են մեղադրյալների հարազատները, աջակիցները։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով ու 1-ը՝ զանգվածային անկարգության։

Չորս մեղադրյալի նկատմամբ, ինչպես փոխանցել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, խափանման միջոց է ընտրվել բանտային, 8-ի նկատմամբ տնային կալանքը, 2-ի նկատմամբ վարչական հսկողությունը ու ևս 2-ի՝ բացակայելու արգելքը:

Դատարանը մինչ բուն գործի քննությանն անցնելը նախ անդրադարձավ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարցին։ Հանրային մեղադրողները համարում են, որ գործի պատշաճ քննության համար դրանք պետք է պահպանվեն, իսկ պաշտպանական կողմը, ներկայացնելով իր փաստարկներն, առաջարկում է դրանք փոխել, որոշ դեպքերում էլ՝ վերացնել:

Դատարանի բակում էր ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սակայն նա դատարանի դահլիճ դեռ չի մտել: Բագրատ սրբազանը պնդեց՝ այս գործն ամբողջությամբ քաղաքական է։

Հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր հատուկ միջոցների և ուժի կիրառմամբ, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, նրանցից 57-ը, ըստ Առողջապահության նախարարության, ստացել էին բեկորային վնասվածք։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն, դեռ որևէ մեղադրյալ ոստիկան չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG