Ավելի քան հինգ տարվա քննությունից հետո Շիրակի մարզի դատարանն այսօր որոշեց, որ զրոյից կսկսի քննել Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի գործը։ Որոշումը կայացրեց այս գործը «ժառանգած» արդեն հինգերորդ դատավորը։ 57-ամյա կնոջ մահվան համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։
«Դատարանը, լսելով կողմերի կարծիքը, [...] որոշեց սույն գործի քննությունը վերսկսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ [...] տուժողի իրավահաջորդը պնդեց, որ գործի քննությունը սկսենք նորից՝ հաշվի առնելով իր կողմից վկայակոչված մի շարք հանգամանքներ», - հայտարարեց դատավորը:
Դատավորն այսպիսով բավարարեց տուժողի իրավահաջորդի՝ մահացած կնոջ դստեր՝ Անահիտ Ղուկասյանի պահանջը։
Դատական նիստին հեռավար՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայից մասնակցող ամբաստանյալն, այնինչ, դատարանին խնդրեց գործը շարունակել այնտեղից, որտեղ ընդհատվել էր։
Մեղադրող դատախազը ևս համաձայն չէր նոր քննությանը, առավել ևս, որ արդեն հինգ տարի է նիստերն ընթանում են մեծ ընդմիջումներով։
Եթե դատարանը շարունակեր գործի քննությունը, ապա պետք է արդեն ճառերի փուլը սկսվեր ու դատավճիռ կայացվեր։ Փոխարենը, դատավորը ապացույցների ուսումնասիրության հերթականությունը սահմանեց։ Մեղադրող դատախազը մեղադրանքի եզրափակիչ մասը ներկայացրեց, որտեղ նկարագրվում էր, թե Ջուլիետա Ղուկասյանը մարմնական ինչ ծանր վնասվածքներ էր ստացել դաժան ծեծի հետևանքով։
«[Ռազգիլդեևը] Մեղադրվում է այն բանում, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 7-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրան գլխի և դեմքի շրջանի, փափուկ հյուսվածքների արյունազեղումների, քերծվածքների, սալջարդների, գլխի մաշկի տակ ձախ ճակատաքունքագագաթային շրջանում արյունազեղման», - հայտարարեց դատախազը:
Ջուլիետա Ղուկասյանը մահացել է 2018-ի դեկտեմբերին հիվանդանոցում՝ ստացած ծանր վնասվածքներից, ծեծի էր ենթարկվել վաղ առավոտյան աշխատանքի գնալիս։ Մինչ օրս պարզ չեն այս հանցագործության շարժառիթները։